Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակիցներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 27-ին, ընդունել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին եւ ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունքները արձանագրած դպրոցականներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե մրցույթի կազմակերպիչ  «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է 2013 թ. «Կենգուրու» մրցույթի գրանցված գոհացուցիչ արդյունքները, ապա մրցույթի մասնակիցների եւ կազմակերպիչների անունից երախտագիտություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ամեն տարի ավանդաբար երիտասարդներին ընդունելու եւ իր հայրական պատգամը փոխանցելու համար:  Այնուհետեւ աշակերտներին շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը բերելով նրանց կարեւոր ձեռքբերումների առիթով: Նորին Սրբությունը մրցույթի հաղթողներին հորդորել է առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ շարունակելու գիտելիքներ ամբարելը` հայրենիքին ամուր հենարան լինելու համար: Ապա, անդրադառնալով ուսման կարեւորությանն ու անհրաժեշտությանը, Վեհափառ Հայրապետը դպրոցականներին պատգամել է պահպանել հայրերի կերտած դարավոր արժեքներն ու սրբությունները եւ որպես հայոց մշակույթի կրողներ` հարստացնել այն սեփական մտքի գեղեցիկ արգասիքներով:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնել է ծնողներին, մանկավարժներին եւ մրցույթի կազմակերպիչներին գործադրած ջանքերի համար: Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է պատանիների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը եւ Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը:

 

ԱՎԵԼԻՆ