ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. Փախստականներին օգնություն ցուցաբերելը միջազգային նորմ է

Սիրիահայերը Լեռնային Ղարաբաղ են ժամանել ինքնակամ, ոչ ոք նրանց չի ստիպել վերաբնակեցվել: Այս մասին հայտարարել է ԼՂՀ  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում սիրիահայ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերաբնակեցման հարցը բարձրացնելու մտադրությունը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ սիրիահայերը այն տուժած քաղաքացիների թվում են, որոնք Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում փախստական են դարձել: «Փախստականներին օգնություն ցուցաբերելը միջազգային նորմ է, որը միջազգային իրավունքի մի մասն է կազմում: Պետություններն անգամ պարտավոր են նմանատիպ օգնություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք մնան իրավիճակում են հայտնվել: Հետեւաբար մենք պարտավոր ենք օգնել նրանց, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են»,-ընդգծել է նա: Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման հիսթերիկ վարքը այդ երկրում պետություն կառուցելու հիմքերից է, սակայն դա, թերեւս, չի նշանակում, որ նման միջոցներով ադրբեջանական կողմը հաջողության կհասնի կամ կկարողանա դադարեցնել այդ գործընթացը:

Նշենք, որ ըստ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի, ադրբեջանական կողմը մտադիր է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել սիրիահայ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու հարցը:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ