Գյումրիում նշել են Երկաթուղայինի օրը

Գյումրիում նշել են Երկաթուղայինի օրը

17:03 5 Օգս, 2013

Օգոստոսի 5-ին Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում, նշեցին Երկաթուղայինի օրը: Տոնական արարողություններին մասնակցեցին “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երկաթուղայինները, գյումրեցիները: Միջոցառման շրջանակներում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանը: Լոկոմոտիվային դեպոյում նաև տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Գյումրու տեխնիկական քոլեջի սաների հետ:

Տոնական միջոցառումները շարունակվեցին Գյումրու կենտրոնական կայարանում, որտեղ իսկական շոգեքարշ էր ժամանել, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել XIX դարի Ալեքսանդրոպոլը:

Տոնական միջոցառումներն ավարտվեցին վետերան-երկաթուղայինների և վաստակավոր աշխատողների մեծարմամբ ու տոնական համերգով:

Երկաթուղայինի օրը մասնագիտական տոն է, որի ժամանակ նշվում են երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ոլորտի ձեռքբերումները: Առաջին անգամ այն հաստատվել է 1896 թվականի հունիսի 28-ին (հուլիսի 10-ին) Ռուսական կայսրության կապի ուղիների նախարար իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով: 

loading...