Այս տարվա աշնանը Երեւանում հայ-լիբանանյան գործարարների համաժողով կկազմակերպվի

Այս տարվա աշնանը Երեւանում հայ-լիբանանյան գործարարների համաժողով կկազմակերպվի: Այս մասին, հուլիսի 24-ին, նշվել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հանդիպման ժամանակ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդ համաժողովը, որին կմասնակցեն հնարավոր ներդրողներ, արդյունաբերողներ, գործարարներ, ֆրանչայզինգի ընկերություններ, կնպաստի երկու բարեկամ երկրների  փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:  Կարեւորվել է նաեւ MEA ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթների իրականացումը, ինչը նույնպես կարող է նպաստել զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացմանը:

Նախարար Սափունջյանը  խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել դեսպան Քոչարյանի կողմից տրամադրած ներդրումային ծրագրերն ու հայկական արտադրության ապրանքների ցանկը, ինչն անկասկած կօգնի լիբանանյան գործարարների պատվիրակության անդամների ընտրության հարցում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լիբանանի ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը:

ԱՎԵԼԻՆ