1894-ի հուլիսի 17-ին ծնվել է Ազատ Վշտունին

1894-ի հուլիսի 17-ին ծնվել է Ազատ Վշտունին

17:55 17 Հլս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17հուլիս-1lur.am: Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրականփորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916-ի մարտի 4-ի համարում։ Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուներով։ 1921-ին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։ Ազատ Վշտունին ծնվել է 1894-ի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911-ին սովորել է Կոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարանում։ 1911-ին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914-ին մեկնել է Թիֆլիս։ 1918-1919-ին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920-ին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921-ն մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924), «Մուրճ-մանգաղ» թերթը (Հյուսիսային Կովկաս, Դոնի Ռոստով, 1926-1927), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-1934) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։ Գրական«Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն,ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958-ի մարտի 26-ին Երևանում։

loading...