Օմբուդսմենը ցանկանում է բարելավել անշարժ գույքի գրանցման օրենսդրությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համատեղ մշակել են ՀՀ Կառավարության որոշման նախագիծ: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ որոշման նախագիծը վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ դրա պահանջների հիման վրա ընդունված համապատասխան Կառավարության որոշման մեջ առկա բացին: Այդ բացի, ինչպես նաեւ անձանց իրազեկված չլինելու հետեւանքով անհարկի դժվարություններ էին ստեղծվում հատկապես վարձակալության պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու համար: Մասնավորապես, պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը անորոշ ժամկետով կնքված, օրինակ, վարձակալության պայմանագիրը սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մեջ սահմանվել է պարտավորություն  նոտարների համար պայմանագիրը վավերացնելուց առաջ, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից պայմանագրից բխող իրավունքների գրանցումից առաջ պայմանագրի կողմերին նախապես տեղեկացնել անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում պայմանագրից բխող իրավունքների գրանցումը հետագայում միակողմանիորեն չեղարկելու սահմանափակումների եւ բարդությունների վերաբերյալ: Արդյունքում, անձինք տեղեկացված կլինեն եւ շահագրգռված կլինեն պայմանագրի ժամկետ նախատեսելու հարցում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Օրերս վերոնշյալ նախագիծը փոխանցվել է ՀՀ Կառավարություն:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոլորտում մարդու իրավունքների վիճակին, նշել էր, որ  Կադաստրի պետական կոմիտեն դրսեւորել էր պատշաճ արձագանք Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ էապես բարելավել է իր գործունեությունը, ինչի արդյունքում այդ ոլորտում էական եւ համակարգային թերացումներ չեն արձանագրվել:

 

ԱՎԵԼԻՆ