Ինչո՞ւ Էլինար Վարդանյանի հարցադրմանը Հրայր Թովմասյանը «լղոզված» պատասխան տվեց

Օրերս «Zham.am»-ն անդրադարձել էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին` Վահե Էլոյանին, իր դիմումի համաձայն պաշտոնից ազատելու խնդրին: Նշենք, որ օրեր առաջ մենք սույն  հարցադրմամբ դիմեցինք Վահե Էլոյանին եւ ստացանք պատասխան, որ ինքը նման դիմում չի գրել:
Եվ ահա, այսօր ԱԺ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարցադրում արեց, թե  ինչու  Վահե Էլոյանի` իբրև թե ազատման դիմումը այդքան հապշտապ ներկայացվեց եւ  ընդունվեց` ի հակառակ նրա, որ  Վահե Էլոյանը պնդում է` ամենևին էլ ազատման դիմում չի ներկայացրել:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի բացակայության պատճառով պատգամավորի հարցին արձագանքեց  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` տեղեկացնելով, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրը իսկապես համապատասխանում է իրականությանը, բայց առկա է ազատման երկու հիմք. «Բացի համաձայն իր սեփական դիմումին, նաև այն դեպքում, երբ քաղծառայողը նշանակվել է հայեցողական պաշտոնի: Եվ եթե նայեք կառավարության արդեն բուն որոշումը, կտեսնեք, որ ձևակերպումները այլ են, այսինքն` հայեցողական պաշտոնի նշանակվելու կապակցությամբ»:

Նախարարին ի պատասխան, սակայն, Էլինար Վարդանյանը ասաց. «Գիտեք, որ ԶԼՄ-ները օդից բան չեն վերցնում, առավել ևս, եթե խոսքը կառավարության նիստին է վերաբերում, իսկ ԶԼՄ-ներում այսօր առկա է հակասական տեղեկատվություն: Այդ իսկ պատճառով ես պետք է խնդրեմ հասանելի դարձնել այն տեսագրությունը, որտեղ նշվում է հիմնավորումը, թե ինչ հիմքով է առաջարկվում ազատել Վահե Էլոյանին»:

Հ. Թովմասյանն էլ իր հերթին արձագանքեց. «Մինչև նախարար դառնալը ես էլ էի այդպես կարծում, բայց վստահեցնում եմ, որ այս 2.5 տարվա ընթացքում, ինչ նախարար եմ, եղել են դեպքեր, երբ հրապարակումները ուղղակի օդից են վերցրած եղել: Էլ կինս է նոտար ընտրվել, և այլն… Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա խոստանում եմ, որ որոշման այդ մասը առկա է և առանձին կներկայացվի, որովհետև, իրոք, կարող ենք ասել, որ քաղծառայողի ինստիտուտը իր բոլոր խնդիրներով հանդերձ մեզանում կայանում է, և կան դեպքեր, երբ նախարարը փոխվում է, բայց աշխատակազմի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել, ինչը այդ ինստիտուտի տրամաբանության մեջ է»:
Նշենք, որ իր խոսքի ավարտին Հրայր Թովմասյանը եւս մեկ անգամ խոստացավ համապատասխան տեսագրությունը ներկայացնել: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԶԼՄ-ներում երբեմն օդից վերցրած հրապարակումներ են անում, ապա նշենք, որ Հրայր Թովմասյանին մենք սիրով հրավիրում ենք մեր խմբագրություն` ծանոթացնելու համար այն ձայնագրությանը, որտեղ Էլոյանը նշում էր, որ ինքը որեւէ դիմում չի գրել: Հուսանք, որ պարոն Թովմասյանը չի մերժի մեր առաջարկը եւ այդ ձայնագրությանը ծանոթանալուց հետո հնարավորություն կունենա առավել օբյեկտիվ գնահատականներ տալ վերը նշված խնդրին:

 

Գայանե Մանուկյան

ԱՎԵԼԻՆ