ՄԱԿ-ն այստեղ շատ լավ թիմ ունի, որի հետ մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ուղղություններով. Արմեն Երիցյան (ֆոտո)

Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման առթիվ, մասնավորապես ասել է. «ՄԱԿ-ի նախորդ հանձնակատարի հետ մենք շատ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել, ու կարծում եմ, որ Ձեզ հետ էլ լավ կաշխատենք։ Վերջերս էլ Ժնեւում կայացած ԱՌՆ գլոբալ պլատֆորմի հանդիպմանը, ուր մեզ հետ էին նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ես ներկայացրել եմ մեր կատարած աշխատանքներն ու առաջընթացը, որի մեջ մեծ է նաեւ ՄԱԿ-ի ներդրումը։ ՄԱԿ-ն այստեղ շատ լավ թիմ ունի, որի հետ մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ուղղություններով։ Երեւի արդեն լսել եք, որ վերջերս մեր գյուղերում կարկտահարության դեպքեր են գրանցվել, որը գլոբալ տաքացման հետեւանք է։ Ես արդեն հանձնարարել եմ, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություն արվի, եւ մեր աշխատակիցներն էլ ներգրավվեն այդ խնդիրների լուծման գործընթացում»: Բրեդլի Բուզետտոն, շնորհակալության հայտնելով ջերմ ընդունելության համար եւ իր հերթին շնորհավորելով նախարարին պաշտոնում վերանշանակման կապակցությամբ, հավելել է. «Շնորհավորում եմ այն կատարված աշխատանքի համար, որն իրականացվել է ԱՌՆ ոլորտում Ձեր ղեկավարությամբ։ Դա ճանաչվել է ամբողջ աշխարհի մակարդակով։ Ես երկար տարիներ աշխատել եմ ճգնաժամային կառավարման եւ ԱՌՆ ոլորտում։ Օրինակ` Ինդոնեզիայի ցունամիից հետո ղեկավարել եմ արձագաքման գործողությունները եւ օգնել տեղական իշխանություններին` ԱԻ պլան մշակելու հարցում։ Ինչ վերաբերում է կարկտահարությանը, ապա ես տեղյակ եմ, որ ՄԱԶԾ աջակցությամբ որոշ համայնքներում կարկտից պաշտպանող ցանցեր են տեղադրվել, եւ մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը»:

ՄԱԿ-ի նորանշանակ հանձնակատարը նաեւ նշել է, որ հաճելիորեն զարմացած է եւ ուրախ` իմանալով, որ ԱԻ նախարարությունը լուրջ համագործակցություն է ծավալել նաեւ մասնավոր ընկերությունների հետ։

Նախարար Ա. Երիցյանն ընդգծել է, որ գործընկերները հավատում եւ վստահում են նախարարությանը, որը մասամբ պայմանավորված է նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքով։

Հանդիպման ավարտին Բ. Բուզետտոն կարճ շրջայց է կատարել ԱԻ նախարարությունում` ծանոթանալով ժամանակակից տեխնիկական հնարավորություններով հագեցած դահլիճում, աշխատանքային սենյակներում։

Հեռանալիս ՄԱԿ-ի մշտական համակարգողը խոստացել է, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի ԱԻՆ` առավել հանգամանալից ծանոթանալու նախարարության աշխատանքին ու հնարավորություններին։

ԱՎԵԼԻՆ