Նոր մանրամասներ Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից. Փրկարարներն աշխատել են ամբողջ գիշեր (ֆոտո)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի ուենցած ողբերգությունից: Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել եւ ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ): Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետեւանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է: Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չէր, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաեւ տեղի բնակիչներ եւ ՀԷԿ-ի շինարարներ:

Ամբոջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ