Երիտասարդ դասախոսների համար Ավանում կառուցված շենքը քանդվում է

PanARMENIAN.Net – ի խմբագրություն է դիմել Հովհաննես Թորոյանը, ով պատմել է, որ Ծարավ Աղբյուրի 55/5 նորակառույց շենքը քանդվում է: Նախօրեին շենքի բակում դժբախտ պատահար է տեղի ունեցել. «Պոկվող և «գահավիժող» երեսպատման սալիկների ձայները Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների համար գնալով սովորական են դառնում: Բարեբախտաբար, բակում տեղի ունեցող «ռմբակոծությունից» դեռևս տուժում են միայն ավտոմեքենաները, սակայն զարհուրելին այն է, որ դժբախտ պատահարից լրջորեն կարող են վնասվել ոչ միայն շենք մտնող անցորդները, այլ առաջին հերթին անմիջապես շենքի բակում խաղացող երեխաները: Մանավանդ որ, ինչպես տեղեկացրին բնակիչները, օրեր առաջ ապրել են նման սարսափ, երբ իրենց աչքի առաջ մի խոշոր սալիկ ընկել է իրենց խաղով զբաղված երեխաների կողքին: Շենքը կառուցվել է երկրի նախագահի բարձր հովանու ներքո և դրա մասին զանգվածային լրատ¬վության միջոցներով խոսվել է բազմիցս՝ երիտասարդ դասախոսներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում, իսկ ներկայումս շենքը վտանգ է ներկայացնում նույն այդ երիտասարդ դասախոսների ու նրանց երեխաների համար: Ու եթե շենքի բացման արարողությանը մասնակցել է անձամբ նախագահը, դրանով կարևորել ծրագրի գործարկումը և հաստատել երկրի ղեկավարության ուշադրությունը երիտասարդ դասախոսների բնակկենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ, ցանկալի կլիներ, որ այս պահին ևս երկրի ղեկավարը բնակիչների կողքին լիներ և իր լծակներով ստիպեր անբարեխիղճ կապալառուին վերացնել անփութության հետևանքները: Հետաքրքիր է, որ ավտոմեքենայի վերջին միջադեպի հետ կապված՝ «Գլենդել Հիլզ» ընկերությանը ներկայացված բանավոր պահանջին ի պատասխան՝ նրանց կողմից առաջարկվել է պարզապես 60 000 դրամ փոխհատուցում՝ առանց նույնիսկ գնահատելու վնասը (որը գրեթե 2 անգամ ավելի է)»,-գրել է Հովհաննես Թորոյանը:

www.panarmenian.net

ԱՎԵԼԻՆ