Ատոմակայանի տարածքում 9 բալանոց երկրաշարժ հնարավոր չէ. փորձագետ

Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հրապարակում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ: Այս մասին, ըստ «Էկոլուրի», ասել է Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն  Վահրամ Պետրոսյանը: «Հետազոտությունները ցույց տվեցին, որ տեղը շատ ճիշտ է ընտրված, որովհետեւ ընդերքում գտնվում է բազալտի հաստ շերտ, որը գնում է մինչեւ Արաքս գետը: Այն երկրաշարժերի ժամանակ կարողանում է տատանումների մի մասը վերցնել իր վրա: 9 բալի երկրաշարժ այդ հրապարակում հնարավոր չէ շնորհիվ այդ բազալտի շերտի, որը տեղադրված է ընդերքում»,- ասել է Վ. Պետրոսյանը: Վ. Պետրոսյանը հիշեցրեցրել է, որ ՀԱԷԿ-ը կանգնեցվեց Սպիտակի երկրաշարժից հետո: Սակայն 1995թ. այն վերաթողարկվեց` դրա համար հաշվի առնվեցին, թե  ինչպիսի սեյսմիկ դաշտում է գտնվում ատոմակայանը, ինչ վիճակի մեջ են գտնվում ռեակտորի իրանը եւ ներքին կառուցվածքները, ինչ ախտորոշիչ համակարգերով է կարգավորված ատոմակայանը: «Ես այդ ժամանակ եղել եմ ատոմակայանի վերաթողարկման պետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Այդ ուսումնասիրություններից հետո արտասահմանյան մասնագետներն ասացին՝ կամ հայերն են շատ խելոք, որ ճիշտ տեղ են ընտրել, կամ Աստված է կամեցել, որ այսպիսի ճիշտ տեղ ընտրեն ու ատոմակայանը կառուցեն»,- նշել է Վ. Պետրոսյանը:

ԱՎԵԼԻՆ