Ոստիկանության զորքերում հրամանատարաշտաբային մարզումներ են եղել (ֆոտո)

Մեր երկրի Էներգաարդյունաբերական խոշորագույն համալիրի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնում է ոստիկանության զորքերը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե առաջադրված խնդիրները հուսալի եւ լիարժեք կատարելու եւ այդ բարդ ու խիստ պատասխանատու ծառայությունն իրականացնելու համար ոստիկանության զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողներից մշտապես պահանջվում է զգոնության, կարգապահություն եւ մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ իմացություն: Անձնակազմի գիտելիքներն ու ունակությունները հստակեցնելու եւ գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ եւ հրամանատարաշտաբային մարզումներ: ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին ոստիկանության զորքերում անցկացվեցին շտաբային մարզումներ՝ «Հատուկ նշանակության օբյեկտի (ՀԱԷԿ-ի) պահպանության եւ պաշտպանության կազմակերպումը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերից»  թեմայով:

Շտաբային մարզումներին ընդգրկված էին ոստիկանության զորքերի 1043 զորամասը՝ ամբողջ կազմով, 1031 զորամասի  հրամանատարական կազմը եւ պլանով նախատեսված գործողություններին մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի օպերատիվ խումբը:

Մարզումների հիմնական նպատակն էր՝ կատարելագործել հրամանատարական կազմի եւ զորամասերի շտաբների պաշտոնատար անձանց ունակությունները գործառութային պարտականությունների կատարման եւ մարտական փաստաթղթերի ձեւակերպման գործում:

Մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջեւ, ինչպես եւ անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը եւ ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում:

Շտաբային մարզումների արդյունքները զեկուցվեցին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության պետի կողմից տրվեցին ցուցումներ առկա թերությունների վերացման վերաբերյալ:

ԱՎԵԼԻՆ