Hollywood Non-Stop . հոլիվուդյան մեղեդիները կհնչեն Արտաշատում

Ապրիլի 19-ին՝ ժամը 17:00, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը: «Hollywood Non-Stop»-ը սիրված ծրագիր է։ 2012 թվականին այն ներկայացվել է երեւանյան բուհերում։ Իսկ այս տարվա սկզբից հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը հնչում է ՀՀ մարզերի համերգասրահներում եւ մեծ ոգեւորությամբ ընդունվում ունկնդրի կողմից։ Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում։ Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քաղաքականությունն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել նաեւ մարզերի բնակչությանը։ Այդ նկատառումից ելնելով՝ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը պարբերաբար հյուրընկալվում է հանրապետության տարբեր տարածաշրջաններում։

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

ԱՎԵԼԻՆ