Շառլ Բոդլերի ծննդյան օրն է

Շառլ Բոդլեր (Շառլ-Պիեռ Բոդլեր 1821, ապրիլ 9 – 1867, օգոստոսի 31), ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան: Ծնվել է Փարիզում: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը: 1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները: 1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն ԲոդլերըՌեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը, որը հետևում էր երկրորդ սերնդի «ամենամոլի» ռոմանտիկներին` Պետրյուս Բորելին, Ալոզիուս Բերտրանին, Ժերար դը Ներվալին: «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր: Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանուն Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը:

1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծռոմանտիզմի ջատագովությանը:

Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար:

Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն` «Չարի ծաղիկները» խորագրով, որը լույս է տեսնում 1857-ի հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե’ բանաստեղծին, թե’ հրատարակիչներին: Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես եկան ժամանակի առաջավոր մտածողները: «Ես ասում եմ կեցցե’, ամբողջ ուժով ասում եմ կեցցե’ ձեր հզոր տաղանդին»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն:

«Չարի ծաղիկները» բազմաթիվ նոր բանաստեղծությունների համալրումով լույս է տեսնում 1861-ին, բայց դա էլ չի փրկում պարտքերից ու հալածանքներից:

1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ»,1866): Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է մահկանացուն:

Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ: Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները: Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ: Ի դեպ , բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ:

Բոդլերի ստեղծագործությունները վաղուց ի վեր մեծ արձագանք է գտել հայ իրականության մեջ: 19-րդ դարի վերջերին արդեն «Տարազ», «Մասիս», «Աղբյուր» և այլ թերթերում ու հանդեսներում տպագրվում են Բոդլերի թե’ չափածո, թե’ արձակ գեղարվեստական գործերից ` արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ:

Բոդլերի առաջին հայ թարգմանիչներից է Գ. Բաբուրյանը, որը Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթում 1897-ին տպագրել է փոքրիկ արձակ պոեմներից երկուսը:

ԱՎԵԼԻՆ