Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է գնալ ծայրահեղ դրսեւորումների. Արտակ Զաքարյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակն ամբողջությամբ Ադրբեջանի ներքաղաքական դաշտին առնչվող խնդիր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ իրականում Ադրբեջանը հայտնվել է մի այնպիսի քաղաքական իրավիճակում, որ նույնիսկ կարող է ծայրահեղ գործողությունների գնալ: «Պատրաստվելով նախագահական ընտրություններին, ունենալով միջազգային հարաբերությունների ակտիվ  եւ որոշակիորեն ճնշող ազդեցությունն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա, հասարակական անհանդուրժող դիմադրողականությունը, ինչին Ադրբեջանը սովոր չէ եւ Արցախյան բանակցային գործընթացում իր համար ցանկալի արդյունքների հեռանկարը չունենալով, այդ երկիրը, բնականաբար, կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»,- ասաց Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը բոլոր տեսակի քաղաքական գործընթացների մեջ կարող է մտնել, միայն թե այս փակուղային վիճակից դուրս գա: «Այսօր Ադրբեջանը տեղում դոփում է եւ հասկանում, որ դա կարող է ներքին պայթյուն առաջացնել: Հատկապես, երբ Թուրքիայի ուշադրությունն արդեն շեղվում է դեպի Մերձավոր Արեւելք: Եվրոպական հարթակներում, Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանը դիտարկվում է որպես վերջին երկիր՝ բոլոր առումներով»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը:

ԱՎԵԼԻՆ