Կովկասի աճի հիմնադրամը Հայաստանում ստորագրել է առաջին ներդրումային համաձայնագիրը

Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» (ՓՁԱՖ) կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՓՁԱՖ-ի կողմից կառավարվող Կովկասի աճի ֆոնդի բաժնեմասնակցությամբ Հայաստանում առաջին ներդրման մասին: Կովկասի աճի ֆոնդի կողմից ներդրումային համաձայնագիրը ստորագրել է գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, իսկ ապրանքների ներկրմամբ եւ մատակարարմամբ  զբաղվող «Նյու ֆորս» ՍՊԸ-ի կողմից՝ հիմնադիր-տնօրեն Արթուր Հովակիմյանը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում բաժնեմասնակցությամբ ներդրումը «Նյու ֆորս» ՍՊԸ-ին հնարավորություն կընձեռի ընդլայնել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաեւ մուտք գործել Վրաստանի շուկա: «Նյու ֆորս»-ի կողմից ներգրաված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են սննդային եւ այլ ապրանքների՝ տարածաշրջանային մակարդակով մատակարարման հարթակ ստեղծելու համար, որը թույլ կտա ներկրել տարատեսակ արտասահմանյան ապրանքներ , ինչպես նաեւ արտահանել տեղական արտադրանք: Դա կնպաստի հայաստանյան ընկերությունների վաճառքների եւ եկամուտների աճին: «Նյու ֆորս» ընկերությունը նպատակ ունի նաեւ կառուցել սառնարանային տնտեսություն սառեցված ապրանքներ մատակարարելու նպատակով եւ ընդլայնել սառնարանային ավտոմեքենաների եւ բեռնատարների պարկը:

ՓՁԱՖ-ը ծրագրում է բարեփոխումներ իրականացնել «Նյու ֆորս» ՍՊԸ-ում, ինչը ներառում է, ընկերության կորպորատիվ կառավարման ընթացակարգերի բարելավում, շրջակա միջավայրի պահպանության համակարգի ներդրում եւ այլն: Այս քայլերի արդյունքում՝ հայաստանցի սպառողները կարող են ակնկալել տեղական եւ արտասահմանյան (սննդային եւ ոչ սննդային) ապրանքների ավելի լայն տեսականի խանութներում եւ սուպերմարկետներում, որոնց մատակարարումը կիրականացվի ժամանակին, էկոլոգիապես ապահով եղանակով՝ պահպանելով ապրանքների լավագույն հատկանիշները:

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ավագ բանկիր Կարեն Բաբայանը եւ ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, որին հետեւել է ներդրումային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում գործող խոշոր միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, Կովկասի աճի ֆոնդի բաժնետերեր, ինչպես նաեւ միջազգային համայնքի անդամներ, որոնք քննարկել են Հայաստանում բաժնեմասնակցությամբ  ներդրումների շուկայի զարգացման հնարավորությունները:

Ստորագրման արարողությունը խորհրդանշում է Կովկասի տարածաշրջանում ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի երրորդ ներդրումային համաձայնագրի կնքումը: ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի կողմից երկու ներդրում արդեն իրականացվել է Վրաստանում: ՓՁԱՖ հայաստանյան ներկայացուցչությունը կշարունակի ուսումնասիրել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից ֆինանսավորման նպատակով ներկայացված հայտերը՝ նպատակ ունենալով ձեւավորել  զարգացման եւ արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների ընդգրկուն պորտֆել:

ԱՎԵԼԻՆ