114 տարեկան հասակում վախճանվել է ամենատարեց ամերիկուհին

Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում 114 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի Էլսի Թոմփսոնը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Gerontology Research Group-ի հետազոտողներին: Կինը մահացել է մարտի 21-ին՝ ծննդյան տարեդարձից երկու շաբաթ առաջ: Թոմփսոնը ԱՄՆ-ի ամենատարեց կին էր ճանաչվել հունվարին՝ Հարավային Կառոլինայում 114-ամյա Մեմի Ռիարդենի մահից հետո: Թոմփսոնը ծնվել էր 1899թ. ապրիլի 5-ին Փենսիլվանիա նահանգի Բիվեր Ֆոլս քաղաքում: Նրա ամուսին Ռոնալդ Թոմփսոնն այդ նահանգի Սենատի անդամ էր եղել Հանրապետական կուսակցությունից: Նրա հրաժարականից հետո 1971թ. ամուսինները հաստատվել էին Քլիրուոթերում, որտեղ 1986թ. վախճանվել էր Ռոնալդ Թոմփսոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  Էլսի Թոմփսոնը հաճախ կրկնում էր, որ իր երկարակեցության գաղտնիքը մարդկանց նկատմամբ սերն է եւ նրանց ժպիտները: Նա ունի որդի եւ չորս թոռ: Այսօրվա դրությամբ ամենածեր մարդը 115-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է՝ ծնված 1897թ. ապրիլի 19-ին:

ԱՎԵԼԻՆ