Հրանտ Բագրատյանը բացառում է, որ կզիջի իր թեկնածությունը

Այս պահին Հրանտ Բագրատյանն իրեն համարում է միակ ընդդիմադիր թեկնածուն եւ բացառում է, որ կզիջի իր թեկնածությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ,  նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ միայն համապատասխան քայլեր անելուց հետո կարող են նստել եւ խոսել միասնական թեկնածուի մասին: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ դիմելուն եւ միասնական թեկնածուի ձեւավորման մասին հայտարարությանը, նա նշեց, որ նրա վրա կրակելուց երկու օր առաջ իրենք երեքով ստորագրել ենք մի թուղթ, որտեղ կա կարեւոր կետ ցուցակների վերաբերյալ: «Ես կուզենայի, որ բացի ինձնից, մյուս երկուսը եւս պնդեն, որ հավատարիմ են այդ կետին, որ պաշտոն չեն ստանում եւ չեն շնորհավորելու իշխանության թեկնածուին, եթե նա հաղթի ընտրություններում: Քանի որ  ցուցակների վերաբերյալ կետը չհարգվեց եւ ոստիկանությունը չտվեց: Պետք է հասկանամ, որ այդ երեք ստորագրածները ընդդիմություն են»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ երբեք չի լսել, որ Պարույր Հայրիկյանն իշխանությանը քննադատի, «շատ կարեւոր է վեր կենալ եւ հայտարարել, որ ընդդիմություն ենք, որ հավատարիմ ենք ստորագրածին, պաշտոն չենք ակնկալում եւ չեք շնորհավորում»:

Նա նշեց, որ երեքով՝ ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը, հանդիպումներ ունեցել են, որոնց ժամանակ ասվել է, որ կարող է մի օր քննարկեն միասնական թեկնածուի հարցը, բայց դրա համար պետք է իմանան, որ բոլորն ընդդիմություն են:

Նախկին վարչապետն ասաց, որ Պարույրի հետ ունի «փաստացի ինտենսիվ նամակագրություն», աշխատում է ուղղակի, հայտարարում է  շատ անկեղծորեն, շատ ուղղակիորեն, առանց խաղեր տալու: «Մի կողմ թողնենք, որ նրա հայտարարությունները մի քանի անգամ փոխվել են: Բայց ես բացարձակապես տրամաբանություն եւ կապ չեմ տեսնում նրա ՍԴ դիմելու եւ միասնական թեկնածու ունենալու հարցի միջեւ»,- ասաց նա:

Նախագահի թեկնածուն հիշեցրեց, որ երեկ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե դիմում է ՍԴ, կարող է հետ վերցնել, կամ չդիմել, ինչպես նաեւ նշվում է, որ եթե միասնական թեկնածու ձեւավորվի, ապա ընտրությունները կկայանան ճիշտ ժամանակին, իսկ «ճիշտ ժամանակին ընտրությունների կայանալը ձեռնտու է Սերժ Սարգսյանին»: «Ուզում եմ, որ այս թեման մնա Պարույրի մեջ, ճիշտ հակառակը պետք է լինի, միասնական թեկնածուի դեպքում պետք է հետագվեն ընտրությունները:  Չի կարելի խնդիրը կապել միասնական թեկնածուի հետ: Դա պահանջ է ուղղված իշխանությունից՝ գնա ստիպիր, որ դառնանք միասնական թեկնածու, որ վերջում էլ քեզ շնորհավորենք»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ իրենք պայմանավորվածություն ունեին հանդիպումների մասին ոչինչ չհայտնել, քանի դեռ վերջնական արդյունքի չեն հասել, եւ  «ինչ կարիք կար հավաքել լրագրողներին եւ հայտարարել», որ այդ հանդիպումների ժամանակ ֆավորիտ թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել: «Սա միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմադիր դաշտը զրոյացնելու փորձ է, այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության խաղը»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի հայտարարությանն այն մասին, որ իրենք ընդդիմություն են, պաշտոնի չեն գնալու եւ չեն շնորհավորելու իշխանական թեկնածուին, քանի որ ցուցակների վերաբերյալ իրենց խնդրանքը չի հարգվել: Նախագահի թեկնածուն նշեց, որ եթե «Պարույրն ազնիվ է իր նկատառումներում,  թող առաջինն ինքը հանի իր թեկնածությունը՝ հօգուտ մնացածների, եւ այդպես օրինակ ցույց տա»: Հրանտ Բագրատյանը նշեց, որ շատ հնարավոր է, որ սա վերեւից կազմակերպված խաղ է, որպեսզի բացառեն որեւէ ընդդիմադիր թեկնածուների մասնակցությունը:

ԱՎԵԼԻՆ