Ի՞նչ կլինի Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ, երբ ստեղծվի համանուն կուսակցությունը

Հայ ազգային կոնգրես դաշինքը կա եւ այդ դաշինքին ոչինչ չի լինելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը: «Եթե ցանկանում են դաշինքը պահպանել, ուրեմն դաշինքը պահպանվում է, կուսակցության ստեղծումը ոչնչով չի հակասում դաշինքի գործունեությանը»,-ասաց նա: Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ սա Կոնգրեսի ներսում անհատների եւ քաղաքական ուժերի ազատ կամարտահայտման վրա կառուցվող գործընթաց է, միավորվում են սերտ, հզոր համագործակցության համար, ինչը ոչնչով չի խանգարում Կոնգրեսի աշխատանքներին: ՀԱԿ համակարգողը նշեց, որ կանխատեսում չի կարող անել՝ ՀԱԿ դաշինքը կմնա, թե` ոչ, բայց բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են պահպանել ՀԱԿ դաշինքը, կպահպանեն: «Եթե ՀԱԿ-ի մասնակից կուսակցությունները ցանկանան պահպանել այդ դաշինքը, ոչինչ չի խանգարելու նրանց դա անել»,- ասաց նա, հավելելով, որ ՀԱԿ կուսակցությանը կմիանան այն ուժերը, որոնք իրենց համագումարներում նման որոշում կկայացնեն:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը պահպանելու է իր դաշնակցային հարաբերությունները մյուս կուսակցությունների հետ: «Մեր նպատակն է՝ ստեղծել այս կուսակցությունը, երկրորդ՝ պահպանել դաշինքային հարաբերությունները շարժման մաս կազմող կուսակցությունների հետ,  դրանք հակասության մեջ չեն մտնում:  Հանգիստ կարող ենք անել եւ մեկը, եւ մյուսը»,- ասաց նա:

Իսկ թե ով կղեկավարի ստեղծվելիք կուսակցությունը, ՀԱԿ համակարգողն ասաց, որ ամեն ինչ անելու է  եւ ցանկանում է, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը,  բայց դա  իր որոշումով չէ:

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ