28 անհատ դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու հայտով

28 անհատների կողմից, երեկ՝ փետրվարի 7-ին, հայտարարության ծանուցում է մուտքագրվել Արդարադատության նախարարություն` «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու մասին:  Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին: Փաստաթուղթը ստորագրել են հետեւյալ անհատները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն  Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը,  Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը,  Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը,  Ավետ Պողոսյանը,  Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արմեն Գրիգորյանը, Կարինե Դավոյանը, Սամվել Աբրահամյան, ՀԱԿ  մի խումբ երիտասարդներ, ակտիվիստներ եւ այլք:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ  Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա:

ԱՎԵԼԻՆ