Եթերաժամանակի ծավալով Պարույր Հայրիկյանն ամենաշատն է լուսաբանվել

Հեռարձակվող լրատվամիջոցներում լուսաբանման եթերաժամանակի ծավալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առաջատար է, երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանից հետո լրատվամիջոցներն անդրադարձել են Սերժ Սարգսյանին, չորրոդ տեղում Հրանտ Բագրատյանն է: Իսկ մյուս չորս թեկնածուները ոչ թե զրկված են  լրատվամիջոցների ուշադրությունից, այլ նրանց մասնակցությամբ միջոցառումներն են սահմանափակ: Բորիս Նավասարդյանը նշեց, որ մինչ քարոզչությունը Սերժ Սարգսյանը լուսաբանվում էր որպես գործող նախագահ, իսկ քարոզչության ընթացքում ավելի շատ՝ որպես նախագահի թեկնածու, այսինքն՝ հավասարությունը բոլոր թեկնածուների նկատմամբ հնարավորինս պահպանվել է: Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը նաեւ նշեց, որ Հայաստանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումից մինչեւ նախընտրական քարոզչության սկիզբն ընկած ժամանակահատվածը` հունվարի 14-ից փետրվարի 3-ը, հեռարձակվող ԶԼՄ-ները խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել թեկնածուների նկատմամբ, հնարավորինս փորձել են  հավասար պայմաններում լուսաբանել: Նրանք կապվել են նաեւ թեկնածուների շտաբերի հետ, եւ նրանք եւս քիչ են դժգոհել լրատվամիջոցներից: Մշտադիտարկման ընթացքում որպես արձանագրված թերություն առանձնացվում է կարծիքների բախման, բանավեճերի պակասը:

Նշենք, որ հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ` Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք` «Արմնյուզ», նաեւ` Հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:

ԱՎԵԼԻՆ