Արդյոք աուդիտորները ոչ դրական եզրակացություննե՞ր են տվել խոշոր ընկերություններին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փետրվարի 1-ին հրապարակել է խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի արդյունքների մասին տեղեկատվություն: Ըստ այդմ՝ 404 խոշոր ընկերություն աուդիտից ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 ընկերություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն: Ընկերությունների մի մասն էլ կամ աուդիտ չի անցել, կամ գործընթացը չի ավարտվել: Այն, որ ընկերությունները  «դրական կարծիք արտահայտող եզրակացություն» չեն ստացել, մամուլում եւ հանրության շրջանում ընկալվել է որպես «բացասական» եզրակացություն: Այդ ենթատեքստում էլ NEWS.am-ը հրապարակել է «Սամվել Ալեքսանյանի ընկերությունները աուդիտից ոչ դրական եզրակացություն են ստացել» նյութը: Այդ լուրի մեջ նշվել են նաեւ մի շարք այլ խոշոր ընկերությունների անուններ, որոնք դրական կարծիք չեն ստացել կամ որ նույնն է՝ ստացել են ոչ դրական եզրակացություն:

Սակայն խոշոր ընկերությունները նման եզրակացությունների հետ համաձայն չեն:  ՀՀ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ղազարյանը նշեց, որ ՀՀ օրենսդրության մեջ գոյություն չունեն այնպիսի եզրույթներ, ինչպես «ոչ դրական եզրակացություն» կամ «ոչ դրական կարծիք»: Իրականում՝ իրենց ընկերությունն աուդիտից ստացել է «վերապահումով` դրական» կարծիք, իսկ վերապահումն էլ վերաբերում է նրան, որ «Ապավենը» չի ներկայացրել համախմբված հաշվետվություն՝ ներառելով դուստր ընկերություններին («Ապավեն» ՍՊԸ-ն «Ապավեն ավտոտրանս» ՍՊԸ-ի եւ «Ապավեն տերմինալ» ՓԲԸ-ի հիմնադիրն է): Համախմբած հաշվետվությունն էլ չեն ներկայացրել այն պատճառով, որ «դուստր ձեռնարկություն» հասկացությունը ՀՀ օրենսդրությունից բացակայում է:

Ըստ Ա. Ղազարյանի տեղեկացման՝ խոշոր ընկերությունների մեծ մասը աուդիտից վերապահումով եզրակացություններ են ստացել հենց համախմբված հաշվետվությունների բացակայության պատճառով: Սակայն դա էլ իրավական ակտերում տարընթերցումների հետեւանք է կամ էլ բխում է աուդիտորական ընկերությունների շահերից (համախմբված հաշվետվությունը ենթադրում է լրացուցիչ եկամուտներ):

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում, հիմնվելով աուդիտի ստանդարտների վրա, ճիշտ են համարում այն մոտեցումը, երբ «դրական վերապահումով» եզրակացությունները խմբավորում են «չեն ստացել դրական կարծիք» խմբում:

NEWS.am-ը փորձեց նաեւ այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ աուդիտորական կազմակերպությունից: «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի մենեջեր Անի Հակոբյանն ասաց, որ ֆինանսների նախարարության ձեւակերպումները չեն մեկնաբանում; Սակայն նշեց, որ իրենց եզրակացությունները տալիս են աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Իսկ միջազգային ստանդարտներով գոյություն ունեն 4 տիպի կարծիքներ.

1. չձեւափոխված՝ մեզ մոտ համապատասխանում է «դրական» կարծիքին,

2. ձեւափոխված ՝ համապատասխանում է «վերապահումով դրական» կարծիքին,

3. բացասական,

4. կարծիքից հրաժարում (վատագույն տարբերակն է);

Նշենք, որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով՝ աուդիտի ստանդարտները Հայաստանում սահմանվում են աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Թերեւս այս ոլորտում լրացուցիչ հստակեցումներ են պետք:

Կազմեց՝ Սամվել Ավագյանը

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ