Ստամբուլահայ կանանց դեմ հարձակվողի ֆոտոռոբոտը ներկայացվել է հանրությանը

Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում վերջին շրջանում հայերի դեմ իրականացված հարձակումներից հետո Ստամբուլի ոստիկանությանը միացել են ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները եւ համատեղ իրականացրած աշխատանքից հետո ոստիկանության բոլոր բաժանմունքներին եւ հանրությանը ներկայացրել են տարեց հայ կանանց դեմ հարձակումների մեջ կասկածվողի ֆոտոռոբոտը։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը մանրամասն ուսումնասիրել է տարեց հայ կանանց դեմ բոլոր հարձակումները, խոսել տուժածների եւ ականատեսների հետ եւ եկել այն եզրահանգման, որ բոլոր հարձակումներն իրականացրել է նույն անձը։ Նշվում է, որ կասկածյալն ունի 1,70 սմ հասակ, բաց գույնի աչքեր։ Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։

ԱՎԵԼԻՆ