Նախանշվում են առաջիկա տարիների հայ-ուկրաինական կրթական համագործակցության հեռանկարները

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` հունվարի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին  է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից: Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կարեւորվել է հատկապես միջբուհական կապերի ամրապնդումը: ՀՀ ԿԳ նախարարն հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Անդրադառնալով բաձրագույն կրթության ոլորտում համագործակցության հեռանկարին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ  Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում եւ բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն: Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ՀՀ տարածքում գործող բոլոր  օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան էիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաեւ փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

ԱՎԵԼԻՆ