ՄԱԿ-ի գրասենյակի տեղափոխումը Թուրքիա նպատակահարմար չէ. Արա Պապյան

Հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ՄԱԿ-ի ղեկավարին` ոչ նպատակային համարելով ՄԱԿ-ի ծրագերի զարգացման եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղափոխումը Թուրքիա: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել գրասենյակի` Թուրքիա տեղափոխումը Հայաստանի համար: Հարցն ուղղվեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին
արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանին:

“Իսկապես նման տեղափոխումը մտահոգիչ է, որովհետև ինչքան էլ որ ՄԱԿ-ի կառույցները փորձեն չեզոքություն ապահովել, միևնույն է, առկա է լինելու ընդհանուր մթնոլորտի ազդեցությունը: Այսինքն`շատ հեշտ նրանք կարող են ընկնել այն մարդկանց ազդեցության տակ, որոնց հետ շփվելու են: Մյուս մտահոգությունն այն է, որ ցանկացած կառույց ունենում է նաև տեղացիներից հավաքագրված կարծիք, որն իր ազդեցությունը կփորձի բանեցնել: Եվ քանի որ Թուրքիայի հետ մենք չունենք որևէ պաշտոնական հարաբերություն, իսկ Թուրքիայի կողմնակալ դիրքորոշումը շատ հարցերում, մասնավորապես ղարաբաղյան հարցում բոլորս գիտենք, հետևաբար մեզ համար բնավ ընդունելի չէ ՄԱԿ-ի այդ քայլը: ՀԿ-ների բողոքը տեղին է, բայց կարծում եմ էական ազդեցություն չի ունենա: Առավել ակտիվ և կտրուկ մեր պետությունը պետք է լիներ այդ հարցում, որովհետև ՄԱԿ-ը պետությունների կազմակերպություն է”: Հարցին` թե կոնկրետ ինչ վնասներ կարող է ՄԱԿ-ի այդ որոշումը տալ Հայաստանին, պարոն Պապյանը նկատեց. ”Օրինակ` եթե ֆինանսական հատկացումներ անելու ինչ-որ ծրագիր է քննարկվելու, հնարավոր են կողմնակալ, խտրական մոտեցումներ, որոնք կարտահայտվեն զեկույցների, եզրակացությունների տեսքով: Բացի այդ, եթե մենք Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ և մեր պատվիրակությունները պետք է մասնակցեն այդ կառույցի համաժողովներին կամ այլ կարգի միջոցառումներին, ո՞վ պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը”: Փաստորեն գրասենյակի տեղակայումը ժամանակավոր բնույթ չի կրելու: Այն լրջագույնս հաստատվելու է Թուրքիայում: “Խիստ կասկածում եմ նման կառույցի` Ստամբուլում տեղակայելու նպատակահարմարությանը, որովհետև դժվար է այդ քաղաքը եվրոպական քաղաք համարելը: Կարծում եմ` ՄԱԿ-ը դրան գնացել է, որովհետև իրեն տարածքային և այլ արտոնություններ են տրամադրել տեղի իշխանությունները”,-եզրափակեց Արա Պապյանը:

ԱՎԵԼԻՆ