Սուխումում սպանել են Դեդ Հասանի թշնամուն

Աբխազիայում սպանվել է օրենքով գող, Աստիկ Սուխումսկի մականունով Աստամուր Գուլիան, որը Մոսկվայում սպանված Դեդ Հասանի հակառակորդներից էր: «Ասնիպրեսը» վկայակոչելով Սուխումի դատախազությանը, հայտնում է, որ հունվարի 18-ին, ժամը 21.00-ին Սուխում քաղաքի  Աքիրթավա փողոցում «Բասլա» ռեստորանից դուրս գալիս մեքենաների կայանատեղիում  կրակել են Սուխումի բնակիչ, 1981թ. ծնված Աստամուր Գուլիային: Կրակողները մերձբալթյան համարանիշներով արծաթագույն «Մերսեդես» մեքենայով երեք անհայտ անձինք են եղել: Աստամուր Գուլիան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Սուխումի քաղաքային հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հունվարի 19-ին, ժամը 23.30-ին նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ըստ «Փրայմքրայմ» գործակալության` Գուլիան օրենքով գողի կարգավիճակ էր ստացել 2012թ. դեկտեմբերի 10-ին Դուբայում: Հանդիպմանը  «թագադրվել էին» 15 նոր գողեր, ինչը դիտվել էր որպես մարտահրավեր Ուսոյանին: Դուբայում նրա հակառակորդները ցույց էին տվել, թե  իրավունք ունեն խախտելու կարգը:  Դուբայի «հավաքից» հետո Ուսոյանի մարդիկ «որս» էին սկսել այնտեղ թագադրված գողերի հանդեպ: Իրավիճակը հարթելու համար Մոսկվա էին ժամանել Դեդ Հասանի երկու հակառակորդներ՝ Մերաբ Ջանգվելաձեն  (Մերաբ Սուխումսկի) եւ Ջեմո Միքելաձեն (Ջեմո):

Դեդ Հասանը հունվարի 16-ին սպանվել էր դիպուկահարի կողմից` իր սիրելի ռեստորանից դուրս գալիս: Հունվարի 20-ին քրեական հեղինակությանը թաղել էին Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը:

ԱՎԵԼԻՆ