Լարե՛ք ձեր հիշողությունները, պարոնա՛յք իշխանավորներ

Լարե՛ք ձեր հիշողությունները, պարոնա՛յք իշխանավորներ

22:43 25 Նյմ, 2012

Ուզում եմ սկսել մեր երկրի համար բնորոշ մի պատմությունով: Մի անգամ, դեպի Արցախ գնացող մայրուղով անցնելիս, հանկարծ մեծ աղմուկ լսեցինք, մեքենաների ազդանշաններ ու բարձրախոսով գոռում-գոչում: Մեր մեքենայի վարորդը հազիվ հասցրեց անցնել ճանապարհի եզրն ու կանգնել: Մեքենայում գտնվող` երեք ու հինգ տարեկան խուճապահար եղած երեխաներն սկսեցին լաց լինել: Մինչև ուշքի կգայինք, քամու նման անցավ շքեղ մեքենաների շարասյուն` քամու արագությամբ էլ իր հետ տանելով աղմուկը: Մենք դեռ երևի երկար կմնայինք` վախից ու անսպասելիությունից պապանձված, եթե վարորդը ժպիտով չսկսեր հանգստացնել երեխաներին` ասելով` լաց մի եղեք, բան չկա, մեր պետության ամենամեծ ձյաձյաներն էին Ղարաբաղից վերադառնում Երևան, պետական գործերով շատ վռազ են. Աշտարակի ձորում լորի խորովածը սառումա:

Հետաքրքիր է` պարոնա՛յք իշխանավորներ կամ պետության ամենամեծ ձյաձյանե՛ր, երբ ազատ ու անարգել սլանում եք Երևան-Արցախ-Երևան մայրուղով` խուճապ սփռելով  ճանապարհներիդ, հիշո՞ւմ եք արդյոք բոլոր նրանց, ում շնորհիվ եք ձեռք բերել այդ ապահով մայրուղով հանգիստ սլանալու հնարավորությունը: Հիշո՞ւմ եք անուններ, որ կռվել ու զոհվել են, հերոսացել, բայց չեն հերոսացվել: Մոռացել ե՞ք, որ մինչև պատերազմի կեսը մարդիկ գաղտնի կերպով զենք են ստեղծել, գաղտնի փորձարկել, դժվարությամբ ուղարկել ռազմաճակատ, մոռացե՞լ եք ստեղծողների անունները: Արքայավայել կյանքը, թանկարժեք մեքենաներն ու ձեր առաջ հազար տակ ծռմռվող խրտվիլակները ազդե՞լ են` պատերազմին մասնակցածի ձեր հիշողության վրա: Եթե մոռացել եք, կարող եմ հիշեցնել` օրինակ, Լեոնիդ Ազգալդյան. գիտնական, զենք ստեղծելուն մասնակցած, ազատամարտիկ, 27 գյուղ ազատագրած Ազատագրական բանակի հրամանատար, մարտում հերոսաբար ընկած, 20 տարվա ընթացքում ձեր կողմից համարյա չհիշված, հերոսացած, ձեր կողմից հերոսի կոչման չարժանացած… Մի քանի օր առաջ լրացավ Լեոնիդ Ազգադյանի 70-ը ու զոհվելու 20 տարին, ինչո՞ւ այդ նույն արագընթաց շարասյունով չսլացաք` այցելելու և ծաղիկներ տանելու մեծ հային, մարտական ընկերոջն ու իրավամբ հերոսին, ինչո՞ւ չօգտագործեցիք 70-ամյակի այդ հնարավորությունը` հերոսին հերոս կոչելու, ու գոնե այդ դրական քայլով մաքրագործվելու:

Մոռացե՞լ եք զոհվածներին, դե եկեք ուրեմն հիշեք նրանց, ովքեր մեր կողքին են, որքեր էլի մեծ հերոսություն են արել` արարելով զենք` նռնականետ, մատակարարելով կռվողներին այդ զենքն ու դրա հետ մեկտեղ զինվորին ներարկելով սեփական արտադրության զենք ունենալու հպարտություն ու այդ կերպ ամրապնդելով կռվողների մարտական ոգին: Մարդ, որին ևս պարտական եք հաղթանակի ու անարգել մայրուղու համար. Հրանտ Ազիզբեկյան: Մի՞թե ծանոթ անուն չի: Իհարկե, նա այն մարդկանցից չի, որոնք ձեզ ամեն վայրկյան շրջապատում են «հոգածությամբ» ու հետևում, որ ձեր կոստյումին հանկարծ փոշեհատիկ չնստի: Երիցս` ոչ: Հրանտ Ազիզբեկյան. համեստագույն մարդ ու միաժամանակ տաղանդավոր ֆիզիկոս-ճարտարագետ, որն իր ամենամեծ եռանդն ու ամենաբեղմնավոր աշխատանքային տարիները նվիրել է զենքի ստեղծմանը, արտադրելուն, պատերազմից հետո` ավելի ու ավելի կատարելագործելուն ու համեստորեն սպասելուն այն օրվան, թե ե՞րբ ի վերջո մեր երկրում հայրենիքի շահը կգերադասեն գրպանի շահից ու կարձագանքեն իր` բազմիցս արված դիմումներին` փորձարկելու, թույլատրելու, արտադրելու և բանակը սպառազինելու սեփական արտադրանքով:

-Պարո՛ն Ազիզբեկյան, հայտնի է, որ պատերազմից հետո էլ չեք դադարել զբաղվել զենքով ու կատարելագործելով այն: Ե՞րբ վերջնականապես դադարեցրիք աշխատանքները:

-Կարելի է ասել, որ մինչև հիմա էլ դեռ մտմտում եմ զենքի վրա: Պատերազմի ավարտից հետո չորս տարի էլ շարունակում էի լրջորեն զբաղվել, հետո թողեցի, բայց` ո՛չ լիովին: Ես դիմել եմ` ստանալու նախարարի թույլտվությունը, որպեսզի փորձարկենք զենքը, ու ահա չորս տարի է` սպասում եմ պատասխանի:

-Ի՞նչն է պատճառը այդ տարօրինակ անտարբերության: Չէ՞ որ մի քանի առումով ավելի նպատակահարմար է բանակի սպառազինումն անել սեփական արտադրության զենքով, քան արտաքին մատակարարումով:

-Ասում են` վառոդը պահելու համապատասխան պայմաններ չունենք: Դա պիտի պահվի հատուկ պատրաստված մետաղյա տուփերի մեջ:

-Իրո՞ք այդես է:

-Ի՞նչ իմանամ: Համենայն դեպս, 400 տարի առաջ կարողանում էին վառոդ պահել, խնդիր չկար:

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ զենք ստեղծելու գաղափարը:

-Այդ ժամանակ երեխաներս դեռ դպրոցական էին: Գնացի դպրոց, այնտեղ հանդիպեցի տնօրենին՝ Կարապետ Սիմիդյանին: Նա հարցրեց, թե արդյո՞ք չենք կարող զենք ստեղծել, այնպիսի զենք, որ գոնե կես կիլոմետր կրակի, օրինակ` արբալետի մեխանիզմով: Առաջին փուլում ստեղծածը հենց այդքան էր կրակում, հետո կամաց-կամաց մինչև չորս կիլոմետրի հասանք:

-Ուրիշ ովքե՞ր են մասնակցել նռնականետի ստեղծմանը:

-Դա ես ու Արթուր Իշխանյանն ենք արել:

-Ինչո՞վ, ի՞նչ եք օգտագործել: Ասում են` թղթից անգամ, զարմանալի է` թղթից զենքով կրակել:

-Սկզբում վերցնում էինք սովորական խողովակներ, ճանապարհային լուսավորության սյուները: Հետո, երբ դա վերջացավ, թղթից: Դե դա սովորական թուղթ չի, այլ բավական հաստ ստվարաթուղթ, և հետո` կարևոր չի` ինչով, կարևորը փողի ներսում համապատասխան ճնշում ապահովելն է:

-Պարո՛ն Ազիզբեկյան, գիտեմ, որ փորձարկումների հետ կապված մեծ դժվարություններ են եղել` և՛ վտանգի առումով, և՛ գաղտնիության: Ի վերջո` դեռևս չփլուզված ԽՍՀՄ, պարետային ժամ… Որտե՞ղ ու ինչպե՞ս էիք իրականացնում նոր զենքի փորձարկումները:

-Սկզբում դժվարությունները շատ էին: Հետո… տարբեր վայրերում ենք փորձարկել։ Օրինակ, մի անգամ եկան Ռաֆայել Ղազարյանն ու Թամանյան Շուրան` Ալեքսանդրը, ու ասացին` հարմար տեղ կա փորձարկման համար: Գնացինք Արագածի լանջին, Բյուրականից մի քիչ վերև մի տեղ… այնտեղ առաջին անգամ հանդիպեցի Լեոնիդ Ազգալդյանին, որն այդ ժամանակ Կարեն Գրիգորյանի հետ հրթիռների ստեղծմամբ էր զբաղված: Լեոնիդը ատլետիկ կազմվածքով մարդ էր… ու երբ մեր զենքը, որին հետո «շվաբրա» էին կոչում,  հաջողությամբ կրակեց, նա ծանրորդի պես ձեռքերը վեր բարձրացրեց ու գոչեց` ազատագրական զենքը ստեղծված է: Իրոք, այդ զենքը ծառայեց նրա` հետագայում ստեղծած Ազատագրական բանակինմինչև պատերազմի կեսը, մինչև Ռուսաստանից զենք ստանալը, որը Լեոնիդն իհարկե, ցավոք, չտեսավ:

-Օրերս լրացավ Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակը: Ի՞նչ կավելացնեք նրա մասին:

-Այդ երբ Լեոնիդը դարձավ 70… կասեմ, որ նա բյուրեղյա մաքրության տեր մարդ էր, նա ծնվել էր մեկ նպատակի համար` ծառայել հայրենիքին: Մեկ բառով նրա մասին կասեմ` սրբապատկեր, իկոնա…

Այո՛, բավական է ասել` ղարաբաղյան ազատամարտ, և կհիշվեն իկոնաներ: Կհիշվեն, բայց ո՞ւմ կողմից: Մի անգամ, երբ Ալեքսանդր Թամանյանին հարցրին` ո՞նց կարողացանք հաղթել մենք, նա պատասխանեց` որովհետև Ալիևի որդին չէր գնում կռվեու: Մեզ մոտ բոլորը հավասար մարտիկներ էին: Օրինակ, Ալեքսանդր Թամանյանի հայրը՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը ափսոսում էր, որ չի կարող տղայի հետ մեկնել պատերազմ, քանի որ արդեն 94 տարեկան էր և գամված էր անկողնուն։ Իսկ եթե որդին սովորականից ավել էր մնում Երևանում, հայրը հանդիմանում էր իրեն և ընկերներին՝ եթե դուք այստեղ եք, ապա ո՞վ է ձեր փոխարեն կռվում։

՞նչ կավելացնեք, պարոն Ազիզբեկյան` որպես զրույցի ամփոփում:

-Առանձնապես ոչինչ: Ես թոշակառու մարդ եմ, վատառողջ, ինձ ի՞նչ է պետք… թերևս միայն չորս տարի առաջ գրած դիմումիս պատասխանը, ես դեռ սպասում եմ:

Այո… Նամակ ռուսաց թագավորին

Մարդը, գիտնականը, զենք ստեղծողը, հաղթանակի մաս ապահովողը… և նա տարիներով պատասխանի չի արժանանում: Հարգանքի ինչպիսի՜ դրսևորում: Մեր երկրի իշխանավորները` գիտնականից կիրառական արդյունք պահանջողները ոչ մի կերպ չեն նկատում դեռևս քսան տարի առաջ կիրառական արդյունք տվողին:

Հրանտ Ազիզբեկյանին ճանաչողներն ասում են, որ նա իր բնույթով նորարար է, բավական է` նայի մի իրի, ու անմիջապես նրա ուղեղն սկսում է աշխատել, թե ինչպես կատարելագործել այն: Ցավոք, մերոնք չգիտեն, չեն կարող պատկերացնել, թե ստեղծագործ մտքի ինչպիսի պաշար կա նրանում: Նրա պես մարդը պիտի լիներ երկրի պարծանքն ու հպարտությունը:

Բացե՛ք ձեր աչքերը, պարոնա՛յք, որ տեսնեք ոչ միայն անմիջապես ձեր քթից մինչև ծառայողական մեքենան ընկած տարածքը, այլ մի փոքր հեռուն, դանդաղեցրե՛ք ձեր ընթացքը, որ չվախեցնեք երեխաներին, թե չէ` նրանց հիշողությունում կմնաք ոչ թե որպես ամենամեծ, այլ բոբո ձյաձյաներ, լարե՛ք ձեր հիշողությունները, որ գնահատեք մարդկանց, որոնց շնորհիվ Արցախյան ազատամարտում հաղթանակ ապահովվեց:

 

 

Նաիրա Վարդապետյան

loading...