9:09 3 Հուլ, 2012
Ասում են, եթե մարդ հաջողությամբ է ընտրում իր աշխատանքը և նրանում ներդնում է իր ամբողջ հոգին, ապա երջանկությունն ինքն է գալիս ու գտնում այդ մարդուն: Այլ խոսքերով Բենջամին Ֆրանկլինը կասեր. «Աշխատանքը երջանկության հայրն է»: Իսկապես այդպես է. սիրելի աշխատանքը միշտ էլ երջանկություն է ծնում, սակայն անիմաստ կլինի խոսել երջանկության մասին, եթե չունես աշխատանք, անգամ ոչ սիրելի:
1LUR.AM-ը դեռևվս մի քանի ամիս առաջ էր անդրադարձել այս հարցին: Աշխատանք փնտրողները, ինչպես նշել էինք, ամենաշատը մայրաքաղաքում են` 24.6 հազ. մարդ, իսկ ամենաքիչը` Վայոց ձորում` 1.3 հազ: 16-30 տարեկան երիտասարդներից աշխատանք են փնտրում 16.9 հազ. մարդ, որոնցից գործազուրկ են համարվում 14.5 հազարը: Երիտասարդ գործազուրկները մայրաքաղաքից հետո ամենաշատը Արագածոտնի մարզում են:
Կարծես, թե պատկերը ոչնչով չի փոխվել: Հարցի շուրջ կարելի է անվերջ խոսել, քանի որ առկա խնդիրները բազմաթիվ են, իսկ լուծումները միայն մեր ձեռքերում չեն…
«Պահանջվում է վաճառողուհի, մատուցող, հավքարար…», ըստ կարգի` բարետես արտաքինով, աշխատանքային փորձով, օտար լեզուների իմացությամբ և մի շարք այլ չափանիշներով, իսկ աշխատանք փնտրողներից շատերը առավել անտրամաբանական բովանդակությամբ են շարադրում իրենց պահանջները` ազատ գրաֆիկ, ոչ ծանրաբեռնված և իհարկե բարձր վարձատրություն: Այս ամենը մի փոքր ծիծաղելի է և մի փոքր ողբերգական: Մի կողմից գործատուները «տիկնիկներ» են փնտրում, ոչ թե աշխատողներ, մյուս կողմից էլ մարդիկ, ոչ թե աշխատանք են փնտրում, այլ «օդից փող»:
Թեմայի շուրջ զրուցելով հայ երիտասարդների հետ, հասկացա, որ մեծամասնության կարծիքով Հայաստանում իրոք աշխատատեղեր չկան (որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ դա ասում էին այն երիտասարդները, ովքեր արդեն իսկ աշխատում էին): Իսկ «հակառակ կողմն էլ» գտնում էր, որ աշխատանք կա, պարզապես պետք է լավ փնտրել: Այդպես է մտածում նաև մասնագիտությամբ տնտեսագետ 20-ամյա Անին, ով շատ է երազում աշխատանք ունենալու մասին, բայց ինչպես ինքն է խոստովանում, բացի երազելուց, այլ քայլեր չի ձեռնարկում. «Սուտ կլինի, որ ասեմ, «կոտորել եմ ինձ» աշխատանք ման գալով, արդեն պրակտիկայի եմ գնում, ու ոնց էլ չլինի տեսական սովորածս գործնականում կկիրառեմ ու արդեն աշխատանք ման կգամ. Չնայած էտքան էլ հեշտ չի միանգամից գործ գտնելը, բայց դե, վստահ եմ, որ լավ ման գաս` անպայման կգտնես»:
Մասնագիտությամբ երաժիշտ, 24-ամյա Գարիկը աշխատում է ստուդիայում, որպես գործիքավորող: Չնայած նրան, որ Գարիկը հաջողությամբ է գտել իր աշխատանքը, այնուամենայնիվ համոզված է, որ այսօր Հայաստանում աշխատանք գտնելը շատ դժվար է. «Բոլորը բարետես արտաքինով ու աշխատանքային փորձ ունեցող մարդկանց են պահանջում, բայց պետքա աշխատեն չէ, որ փորձ ունենան»,-ասում է Գարիկը, ում համար սիրելի աշխատանքով զբաղվելը ոչ այլ ինչ է, քան երջանկություն. «Տեսնում եմ մարդիկ ոնց են մեկ-մեկ ստիպված ուրիշ գործեր անում` գումար վաստակելու համար, իսկ ես իմ սիրած գործով եմ զբաղվում ու դա հրաշալի է. Էն ինչ անում եմ շատ-շատ սիրելով եմ անում, սկզբում դա արել եմ առանց որևէ գումարի, հետո արդեն մտածել, որ կարելի է այդ միջոցով գումար աշխատել: Երբ սիրելի գործով ես զբաղվում ` նյութականը այդքան էլ էական նշանակություն չի ունենում»:
Վերջին միտքը նաև 27-ամյա Էլեոնորայի սրտով էր, նա մասնագիտությամբ լրագրող է, բայց իրեն համարում է այդ բնագավառից հեռու մարդ. «Դիպլոմ ունեմ, բայց դե ինչի՞սա պետք: Մի քանի ամիս զբաղվեցի լրագրությամբ, հետո հասկացա, որ էտ ամենը իմը չի: Հիմա զբաղվում եմ իմ սիրելի գործով` նկարչությամբ, ու չնայած, որ շատ քիչ փող եմ ստանում աշխատանքներիս դիմաց, մեկա չեմ պատրաստվում հրաժարվել դրանից, որովհետև ես ապրում եմ նկարչությամբ ու առանց ներկերիս կյանքս չեմ պատկերացնում»:
Ամեն ինչ շատ պարզ է. Եթե աշխատելիս հաճույք ես ստանում, ուղեղդ միշտ գործում է, միտքդ միշտ ճկուն է, գաղափարներդ` փայլուն, և ինքդ էլ միշտ «միացված» վիճակում ես, ուրեմն դու սիրում ես քո աշխատանքը, այսինքն` հոգեպես առողջ ես ու երջանիկ: Իսկ ով կարծում է, թե երջանկությունն ոչինչ չանելու մեջ է , ապա նա չարաչար սխալվում է. Անգործությունը դա աշխարհի ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթն է:
Իսկ ինչպե՞ս խուսափել դրանից: Ելք միշտ կգտնվի. Մասնագիտությամբ հոգեբան 23-ամյա Հեղինեն աշխատում է ընկերությունում, որպես արտաքին կապերի պատասխանատու: Հեղինեն պատմում է, որ դժվարությամբ է աշխատանք գտել. «Մեզ մոտ առհասարակ շատ բարդ է աշխատանք գտնելը, որովհետև աշխատատեղերը քիչ են, աշխատանքի կարիք ունեցողները` շատ: Բացի դրանից ամեն տարի ունենում ենք մի բույլ շրջանավարտներ` միևնույն մասնագիտությամբ, որոնց համար նախատեսված աշխատատեղ անգամ չկա կամ կա, բայց սարսափելի քիչ քանակությամբ: Այս խնդիրը շատ արդիական է, չնայած ելք կարելի է գտնել, դա կապված է թե՛ մարդկանց հետաքրքրությունների հետ, որ շատ միաբևեռ են դարձել, թե՛ նոր աշխատատեղերի բացվելու հետ, թե՛ ԽԾԲ հիմքով աշխատանքի ընդունման իսպառ վերացման հետ»:
Իսկ 21-ամյա Կարենը, ով մասնագիտությամբ 3D դիզայներ է, աշխատում է գովազդային գործակալությունում: Նա գտնում է, որ աշխատանք փնտրելը այդքան էլ դժվար գործ չէ, կարևորը ինքնակրթված լինես և սեփական մասնագիտության մեջ՝ լավ զարգացած, իսկ մնացածը, ինչպես ինքն է նշում, ժամանակի խնդիր է. Չնայած այս կարծիքին, երիտասարդը վստահ է, որ մեզ մոտ, այսօր, բոլոր բնագավառներում էլ աշխատատեղերը քիչ են, բացի այդ, եթե փորձ չունես՝ խնդիրն ավելի է բարդանում. «Եթե մտնեք ինչ-որ աշխատանքի տեղավորման գործակալություն կամ փորձեք թափուր աշխատանք որոնել համացանցում, կնկատեք, որ գրեթե միշտ նույն կազմակերպությունների անուններն են նշվում և բազան էլ շատ ուշ-ուշ է թարմացվում. այստեղից կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրոք աշխատատեղերը քիչ են: Չնայած լինում է այնպես, որ կազմակերպություններն ունենալով թափուր աշխատատեղեր, երբեմն չեն տարածում այդ ինֆոմացիան. մի խոսքով աշխատանք գտնելու խնդիր Հայաստանում հաստատ կա, բայց դա խթան չի աշխատանք չգտնելու. գտնողը հաստատ կգտնի, ուղղակի մեծ դժվարությամբ, եթե ունես գիտելիք և առաջ գնալու մտադրություն ապա անպայման կգտնես»,- վստահ է Կարենը:
Իսկապես, որ այդպես է, սիրելի՛ բարեկամներ: Հավտացած եղեք, որ Ձեր գիտելիքների, համառության և առաջ գնալու մտադրության շնորհիվ անպայման կկարողնաք գտնել Ձեր սիրելի աշխատանքը: Կարևորն այն է, որ երբեք չհուսահատվեք. բոլորովին հիմար կգտնվի այն մարդը, ով աշխատանք փնտրելու մի քանի փորձից հետո կկորցնի իր հույսը: Հիշենք Լեոնարդո դա Վինչիի խոսքերը. «Որտեղ մահանում է հույսը՝ այնտեղ առաջանում է դատարկություն»:
Մի՛ դատարկեք Ձեր սիրտն ու հոգին. ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԿՈՐԱԾ ՉԷ….
1LUR.AM








