Վահե Ավետյանի մահը ցնցել է հասարակությանը

Վահե Ավետյանի մահը ցնցել է հասարակությանը

11:16 30 Հուն, 2012

«Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգալի միջադեպի ժամանակ դաժանորեն ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը, ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, մահացել է երեկ` հունիսի 29-ին ժամը 19:00-ի սահմաններում: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ռազմական հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը ծեծի էին ենթարկվել: Կալանավորվել է 6 մարդ` անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը, ինչպես նաև մատուցող Դավիթ Ադամյանը:

Նշենք, որ այս դեպքը մեծ արձագանքներ է գտել հասարակության շրջանակներում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել են մի քանի խմբեր, որոնց նպատակն է, ինչպես իրենք են գրում, «չմարսել այս դեպքը»: Երեկ երեկոյան ողջ սոցիալական ցանցը ողողված էր Վահե Ավետյանի նկարներով ու նրա ընտանիքին ուղղված ցավակացական խոսքերով: Տարբեր օգտաատերեր գրում էին, որ սա պետք է վերջին նման դեպքը լինի:

Իսկ այսօր ի հիշատակ Վահե Ավետյանի՝ կազմակերպվելու է մոմավառություն «Հարսնաքարի» դիմաց: «30.06.2012 ժամը 21:00 Հարսնաքարի դիմաց, (Երևան, Աճառյան փող., 37 շենք, Ավան վարչական շրջան) տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն, և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է»,-գրել են կազմակերպիչերը հայտարարության մեջ:

 

1lur.am