3:33 22 Հուն, 2012
Քաղաքապետարան-մասնավոր կառույցներ համագործակցության շրջանակում հունիսի 1-20 Երևանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկը շուտով իրականություն կդառնա: Հանրապետության մայրաքաղաքում առաջին անգամ իրականացվելու է «3D սթրիթ-արտի» նախագիծ:
Նախաձեռնության աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը և «Ամերիաբանկը», իսկ կազմակերպիչն է «Բի Բի Մեդիա» կրեատիվ գովազդային գործակալությունը:
Ասֆալտի վրա գրաֆիկական 3D պատկերների ստեղծումը սթրիթ-արտի վերջին ուղղություններից մեկն է: Այն տեսախաբություն է առաջացնում և կարելի է նկարը հարթության վրա տեսնել միայն մեկ կետից:
Արդեն երկու օր է, ինչ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում, անցորդների ուշադրությունը շեղում է սպիտակ-կարմիր վրանը:
Ոչ ոք անտարբեր չի անցնում. ոմանք մեծ հետաքրքրությամբ «հետազոտում» են, ոմանք էլ` փորձում են ժամանակից առաջ ընկնել ու պարզել, թե այդ ինչ հրաշք է լինելու իրենց ոտքերի տակ: Մենք նույնպես որոշեցինք ժամանակից առաջ ընկնել, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Չնայած, այս պարագայում, կազմակերպիչները նկատում են, որ հուսահատվելու կարիք չկա. «Պարզապես չենք ուզում անակնկալը բացահայտել: Դա լինելու է գերմանացի աշխարհահռչակ եռաչափ նկարիչ Նիկոլայ Արնդտի հեղինակային նկարը, ում Երևան ենք հրավիրվել հատուկ այդ նպատակով, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 26-ին, այն կուղեկցվի նաև հետաքրքիր երաժշտական միջոցառմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց «Բի Բի Մեդիա»-ի արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը: Վերջինս իր խոսքում հավելեց նաև, որ եռաչափ նկարը պատկերելու համար սկզբնապես նախատեսված էր Հյուսիսային պողոտան, սակայն. «Հարթությունը, որի վրա պետք էր այն ստանալ` նկարելու համար այդքան էլ հարմար չէր և բացի այդ, դա պետք է լիներ այնպիսի մի տարածք, որտեղ մարդիկ շատ քայլեին և անցանելիությունը շատ լիներ. այդ իսկ պատճառով ընտրվեց հենց Շառլ Ազնավուրի հրապարակը»:
Իսկ մեր այն հարցին, թե կունենա ՞ ք արդյոք քաղաքում այլ եռաչափ նկարներ, թե դա կլինի միակը, պարոն Քանքանյանը պատասխնում է. «Մեծ մասամբ կախված է արձագանքից. Գուցեև այս տարվա ընթացքում ունենաք ևվս մեկ այդպիսի նախագիծ»:
1LUR.AM








