Հայաստանից Ռուսաստան ձկան արտահանման ծավալներն աճել են

Հայաստանից Ռուսաստան ձկան արտահանման ծավալներն աճել են

15:42 14 Հուն, 2012

Ձկնաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության հեռանկարային ոլորտներից է, և այս ոլորտում առկա խնդիրները պահաջնում են հնարավորինս արագ լուծում:

Վերջին 2 տարիներին լճակային ձկների արտադրության ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով և 2009թ-ի 5280 տոննայի դիմաց 2011թ-ին հասել6814 տոննայի (911 տոննա թառափ, 3802 տոննա սաղմոնազգի ձկներ, 2101տոննա կարպ, ծածան, պնդաճակատ, սպիտակ ամուր և այլն):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր պաշտոնապես գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսությունները զբաղեցնում են 2677 հեկտար ջրային մակերես: Ըստ մասնագետների՝ նշված ջրային մակերեսների օգտագործման արդյունավետությունը դեռևս ցածր է, խնդիր, որի լուծումը ոլորտի կարևոր առաջնահերթություններից է:

Օրինակ, կարպային լճակային տնտեսություններում 1 հա ջրային մակերեսից ստացվում է 300 կգ ապրանքային ձուկ, իսկ բետոնոպատ ավազաններում 1խորանարդ մետր ջրում աճեցնում են 10 կգ ծիածանափայլ իշխան: Մինչդեռ,ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ 1 խորանարդ մետր ջրում աճեցվում է մինչև 500 կգ ապրանքային ձուկ:

Ձկնաբուծության զարգացման կարևոր խթաններից մեկը ձկան արտահանման գործընթացի կազմակերպումն է: Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ ու ջանքերով անցյալ տարի 24 ձկնաբուծական տնտեսություններում ռուսական կողմի անցկացրած դիտարկումների արդյունքում նշված տնտեսությունները հնարավորություն ստացան կազմակերպել թարմ և սառեցված ձկնեղենի արտահանումը ՌԴ:

Այս հանգամանքը նպաստեց Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման ծավալների կտրուկ ավելացմանը: Եթե2010 թվականին Հայաստանից արտահանվել է 428 տոննա ձուկ, ապա 2011թվականին ձկան արտահանման ծավալներն ավելացան գրեթե 4 անգամ՝ կազմելով 1634,7 տոննա:

Ներկայումս նախարարության կողմից աշխատանքներ են տարվում արտահանող կազմակերպությունների ցանկը ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի՝ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության շնորհիվ Հայաստանը 2011 թվականին դարձավ Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների ձկնաբուծական միջազգային կոմիտեի անդամ, հանգամանք, որը կնպաստի Հայաստանում ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ձկնաբուծական միջազգային կառույցներին մեր հանրապետության առաջատար ձկնաբուծարանների ինտեգրմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

1lur.am