15:15 14 Հուն, 2012
1999 թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 14-ը նշվում է որպես բռնադատվածների հիշատակի օր։ Հայաստանում պաշտոնապես հաշվառված է 3500 բռնադատված: 1949 թվականին տասներկու հազար հինգ հարյուր անձանց թվում հայրենիքից աքսորվեց նաև 11-ամյա Գրետա Մարիկյանը: 1lur.am-ի հետ զրույցում այսօր էլ ցավով հիշեց, թե ինչ դաժանությամբ է կատարվել աքսորը: Պապը հենց կայարանում էլ մահացել է:«Չթողեցին որևէ հագուստ վերցնենք, ընդամենը մի կտոր, որով պիտի ծածկվեինք: Բռնությամբ նստացրին ապրանքատար գնացք ու հայտնվեցինք աքսորավայրում»,- հավելեց բռնադատվածի ժառանգ արդեն 70-ամյա Գրետա Մարիկյանը:
Մյուս անմեղ մեղավորները ևս հիշեցին, թե ինչպես գիշերային ժամերին նրանց տնից դուրս են հանել ու տարել: Նրանք մեզ պատմեցին, որ զրկվել են իրենց իսկ ծնողների ստեղծած նյութական բարիքներից, հայրենիքից:
Հայաստանում բռնադատվածներն որոշակի արտոնություններ ունեն, որոնցից են անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելը և անվճար բուժծառայությունը: Սակայն օրինակ՝ Լոռու մարզի նախկին բռնադատվածները բողոքում են իրենց վիճակից:
«Ես նպաստ չեմ ստանում. 1000 դրամ ավել ա թոշակս: Բայց ես միայնակ կին եմ ու վարձով եմ ապրում: 33.000 դրամով ինչպես ապրեմ: Ում դիմում եմ, մերժում են: Բռնադատվածները ոչ մի առավելություն չունեն»,-նշեց Մարիկյանը:
Իսկ բռնադատվածներից Գրիգոր Այդինյանն էլ ընդգծեց, որ իրենք, իհարկե, հասկանում են, որ պետությունը անտակ բոշկա չէ, բայց պարտավոր է հոգ տանել իրենց մասին, նամանավանդ եթե խորհրդային մյուս երկրները առավելություններ են տալիս:
Նրանցից շատերը այսօր միայնակ են ապրում. աքսորավայրում ձեռք բերած մի շարք հիվանդություններ պատճառ են դարձել զավակներ չունենալուն: Շատերն էլ չնայած դժվար պայմաններին ինքնուսուցմամբ հայերեն են սովորել հայ մնալու համար: Բռնադատված անմեղների միակ խնդրանքը մի փոքր ուշադրությունն է:
1lur.am








