16:47 25 Մայ, 2012
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) լինելու է «խիստ կառուցողական դաշտում»։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին` արդյոք ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է դառնում, Զոհրաբյանն արձագանքել է. – «Կուսակցության նախագահի (Գագիկ Ծառուկյանի մայիսի 24-ի) հայտարարության մեջ հստակ և համապարփակ ամեն ինչ ասված է: Մենք լինելու ենք խիստ կառուցողական դաշտում: Մեր գործունեության հիմքում լինելու է մեկ նպատակ, այն է` ժողովրդի շահը և բարօրությունը»:
«Բոլոր այն նախաձեռնությունները, եթե տեսնենք` համահունչ են մեր նպատակներին և մեր ծրագրերին, համահունչ են այն խնդիրներին, որոնք այսօր կանգնած են երկրի առջև, բնականաբար, մենք դրանց կմիանանք` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը դա կներկայացնի: Իսկ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն բխում մեր ծրագրերից և միտված չեն ժողովրդի շահը սպասարկելուն, ԲՀԿ-ն իր սկզբունքային դիրքորոշումը կպահպանի», – մանրամասնել է ԲՀԿ-ի ներկայացուցիչը։
Հակադարձելով Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով նախօրեին ասել էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ չէ, և իբրև փաստարկ նշել այն հանգամանքը, որ կուսակցությունը խորհրդարանում ղեկավարելու է չորս հանձնաժողով, Զոհրաբյանը հայտարարել է. – «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Դաշնակցությունը ընդդիմություն չէ, քանի որ այդ ուժը խորհրդարանում այսօր գլխավորում է երկու հանձնաժողով։ Հանձնաժողովի պորտֆելները կապ չունեն կոալիցիա լինել-չլինելու հետ` դա կարգավորվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Եթե չեմ սխալվում` չորս հանձնաժողով ԲՀԿ-ին հասնում է, և, բնականաբար ԲՀԿ-ն կօգտվի օրենքի այդ հնարավորությունից: Ես որևէ հիմք չեմ տեսնում խորհրդարանական ակտիվ գործունեությունից հրաժարվելու համար»:
Իսկ հարցին` արդյոք ԲՀԿ-ն վա՞յր է դնելու իր նախարարական պորտֆելները, մարզպետների պաշտոնները, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. – «Ամսի 31-ին, ինչպես նախատեսնում է օրենքը, նորընտիր Ազգային ժողովի գումարման առաջին օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառավարության անդամները, բնականաբար, վայր կդնեն իրենց լիազորությունները»: Նա հավելել է, որ իր տեղեկություններով` ԲՀԿ-ն որևէ պաշտոն կառավարությունում չի ունենա։
Մամուլի հրապարակումները, թե ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու որոշումը անակնկալ էր կուսակցության անդամների համար, ըստ Զոհրաբյանի, չեն համապատասխանում իրականությանը. – «ԲՀԿ-ի որևէ անդամի համար կուսակցության նախագահի հայտարարության շեշտադրումները անակնկալ չեն եղել: Ավելին, չկա որևէ անդամ, ով համաձայն չլիներ կուսակցության այս որոշման հետ»:
Նա բացառել է Գագիկ Ծառուկյանի որոշման արդյունքում կուսակցության որոշ անդամների դուրս գալը կուսակցությունից` ասելով. – «Ես խորհուրդ եմ տալիս չշփոթել ԲՀԿ-ն որևէ այլ կուսակցության հետ: ԲՀԿ-ում համախմբված են նվիրյալ մարդիկ, որոնց համար նպատակը աթոռը կամ պաշտոնը չէ: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ չի լինելու նման դեպք, որ ԲՀԿ-ից որևէ մեկը, համաձայն չլինելով կուսակցության դիրքորոշման հետ, լքի կուսակցությունը: ԲՀԿ-ից արտահոսք, ինչպես կանխատեսում է մամուլը, չի լինելու»:
«Ինչ վերաբերում է մամուլի այն կեղծ վերլուծություններին, որ հնարավոր է կուսակցության նախագահի փոփոխություն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ԲՀԿ-ի նախագահը եղել է, կա և լինելու է բացառապես և միայն Գագիկ Ծառուկյանը», – հավելել է Նաիրա Զոհրաբյանը։
«Գագիկ Ծառուկյանի կոալիցիա չմտնելու հայտարարությունը արդյո՞ք նշանակում է, որ ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում չի սատարելու նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը», – «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Զոհրաբյանը, ինչպես ինքը նշել է, իրավասություն չուներ պատասխանելու։
«Առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող որևէ հարցի ես պատասխանելու իրավունք չունեմ», – այսպես է արձագանքել նա մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ԲՀԿ-ի կողմից կնքված կոալիցիոն հուշագիրը ուժը կորցրած է ճանաչվելու:
1lur.am








