16:17 17 Մայ, 2012
Ինտերնետային սիրավեպերի զոհերը բառի բուն իմաստով 50 մլն դոլար գումար են վճարել 2011-ին, հայտնում է Huffington Post-ը՝ հրապարակելով Ինտերնետային հանցագործությունների մասին բողոքների կենտրոնի նոր զեկույցը:
Անցած տարի այս կենտրոնը 314 246 բողոք է ստացել, որոնցից 5600-ը վերաբերել են սիրային հարցերով խաբեություններին:
Վերջիններիս զոհերը ընդհանուր 50 մլն դոլար գումար են վճարել, յուրաքանչյուրը՝ 8900 ԱՄՆ դոլար:
Ըստ զեկույցի՝ ոլորտի հանցագործները գործում են կոնկրետ և արդյունավետ սխեմաներով, իրենց զոհերին գտնում են ոչ միայն ժամադրության, այլև սոցկայքերում: Նրանք հաճախ շահարկում են անձնական ողբերգության գործոնը: Ըստ կենտրոնի՝ խաբեբաները թիրախ են դարձնում քառասունն անց մարդկանց՝ հիմնականում ամուսնալուծվածների, այրիների կամ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց:
Նույն խնդրի շուրջ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի խոսնակ Ջենի Շիրերը ասել է, որ խոսքը նման մեծ գումարների մասին է, քանի որ զոհերը հիմնականում վճարում են իրենց «սիրահարվածների» ինքնաթիռի տոմսերի կամ բուժծառայությունների դիմաց:
Անցած սեպտեմբեր Լեսթերի համալսարանի ուսումնասիրությամբ էլ պարզվել էր, որ միայն Մեծ Բրիտանիայում առցանց կապերից տուժածների թիվը 200 հազ է կազմել:
1lur.am








