15:16 17 Մայ, 2012
Երեկ Ֆրանսիայում տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Արդեն 65-րդ անգամ անցկացվող այս փառատոնը համարվում է կինոյի աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկը:
Կարմիր գորգին իրենց ողջ շուքով ներկայացել են Էվա Լոնգորիան, Ֆրիդա Պինտոն, Դայան Քրյուգերը, Ջեյն Ֆոնդան եւ “աստղաբույլի” այլ ներկայացուցիչներ: Շքեղ երեկոյան զգեստներ, թանկարժեք զարդերի փայլ, եւ այս ամենը՝ երկրպագուների բղավոցների եւ լուսանկարիչների ֆոտոխցիկների ներքո:
Կաննի 65-րդ փառատոնի ժյուրիի անդամներն են դերասաններ Դայան Քրյուգերը, Էվան ՄաքԳրեգորը, Հիամ Աբասը եւ Էմանուել Դեւոն, ռեժիսորներ Ալեքսանդր Փեյնը, Ռաուլ Փեկը եւ Անդրեա Արնոլդը: Ժյուրիի նախագահն է իտալացի Նանի Մորետին: Կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերը կգնահատի նաեւ մոդելյոր: Այդ բարդ դերը ստանձնել է հայտնի Ժան-Պոլ Գոտյեն:
Այս տարի կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է 22 ֆիլմ: Փառատոնը կբացի Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորություն’’-ը, իսկ մայիսի 27-ին որպես փակման ֆիլմ կցուցադրվի Քլոդ Միլերի “Թերեզա Դ.’’-ն:
10-ն օրից կիմանանք, թե ովքեր են դարձել լավագույնները, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել լուսանկարներ Կաննի փառատոնի բացման պաշտոնական արարողությունից եւ ոչ միայն:
Bravo.am










