22:45 12 Մայ, 2012
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստ է գումարել և քննարկել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` ապրիլի 1-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի համար: ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ գրանցված բոլոր ութ կուսակցություններն ու կուսակցությունների մեկ դաշինքն սահմանված կարգով և ժամկետներում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացրել երրորդ հայտարարագրերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկատվության, ինչպես նաև հայտարարագրերում ամրագրված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ: Նիստի ընթացքում ներկայացվել է նաև տեղեկատվություն` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած ուժերի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեքների ընդհանուր չափի մասին: ԿՀԸ-ից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված` հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի վերաբերյալ:








