13:58 9 Մայ, 2012
Տավուշի մարզի մի քանի գյուղերում երեկվա գիշերն անհանգիստ է անցել, քանի որ ադրբեջանական կողմը մինչև գիշերվա ժամը երկուսը գնդակոծել է հայկական գյուղերը։ Չինարիի և Մովսեսի գյուղապետերը հաստատել են այս լուրը, ինչպես նաև տեղեկացրել որ, բարեբախտաբար, երկու գյուղերում էլ զոհեր և վիրավորներ չկան: Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշել է, որ գիշերային գնդակոծությունների պատճառով այսօր գյուղում հետաձգվել են Շուշիի ազատագրման 20-ամյակի և Մեծ հայրենական պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 67-ամյա տարեդարձի առիթով նախատեսված միջոցառումները: «Ծրագիրը փոխեցինք, նախատեսված էր մեծ միջոցառում»,- ասել է Լյուդվիգ Ապերյանը: Ադրբեջանցիների կողմից Մովսես գյուղի տների, դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք-չորս անգամ պարբերականությամբ կամ ինչպես գյուղապետն է ձևակերպել՝ «շաբաթը երեք-չորս օրը՝ պարտադիր ա»:
Լյուդվիգ Ապերյանի խոսքով՝ գյուղի չափահաս և ավագ տարիքի բնակչությունը տարիների ընթացքում սովորել է ապրել մշտական գնդակոծության տակ, սակայն երեխաները վախենում են: «Դպրոցականները վախենում են, դե փոքր էրեխեք են. մի քանի օր առաջ, դասերը վերջացրած՝ ժամը երկուսն էր, էրեխեքին խփեցին էնտեղ, որտեղ կանգնած էին»,-ասել է գյուղապետը և ընդգծել, որ անցած գիշերվա կրակոցներն ամենաուժգինն էին ու տևողությամբ ամենաերկարը՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով՝ շուրջ 300-500 մետր հեռավորության վրա և մշտապես հակառակորդի նշանառության տակ են:
Չինարիում կրակոցները «ամենօրյա բնույթ են կրում», սակայն ի տարբերություն Մովսես գյուղի, այսօր տոնի առիթով նախատեսված միջոցառումները Չինարում չեն հետաձգվել: Նախկին ազատամարտիկ Սամվել Սաղոյանի խոսքերով՝ սովորաբար մայիսի 9-ին ադրբեջանցիները ակտիվացնում են գյուղի գնդակոծությունները, այս կերպ փորձելով վրեժ լուծել Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի կապակցությամբ տոնակատարություններ իրականացնող հայությունից՝ Հայաստանում ու Արցախում:
Ինչպես հաղորդում է Razm.info-ն, երեկ գիշեր ուժեղ գնդակոծվել են նաև մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:
Tert.am-ի հետ զրույցում, Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ երեկվա դեպքերից, քանի որ գիշերը գյուղում չի եղել, այլ՝ Վանաձոր քաղաքում:
Սակայն վերջինս նաև հավելել է, որ ադրբեջանցիները հաճախ են կրակում Այգեպար գյուղի ուղղությամբ: «Ո~նց ուզում են՝ կրակում են, էլի, մեկ էլ տեսնում ես՝ գիշերը սկսեցին՝ անկապ- անկապ»:
աղբյուրը՝ tert.am
1lur.am








