10:52 9 Մայ, 2012
1939թ.-ին ֆաշիստական Գերմանիայի Լեհաստանի վրա հարձակմամբ սկսվեց Երկրորդ համաշխհարհային պատերազմը, որն անդառնալի հետք թողեց ինչպես եվրոպական, այնպես էլ Խորհրդային Միության երկրներում: Երբ Հիտլերյան Գերմանիան նվաճեց Եվրոպայի տարածքների զգալի մասը, դրանից հետո ֆաշիստական զորքերը Գերմանիայի կանսլեր Ադոլֆ Հիտլերի հրամանով հարձակվեցին նաև Ռուսաստանի վրա: Վտանգն իսկապես սպառնում էր ամբողջ ԽՍՀՄ-ին: Սովետական երկրները ոտքի ելան` պայքարելու թշնամու դեմ, այդ թվում և Հայաստանը: 1941թ.-ի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Այս պատերազմը դաժան փորձություն էր սովետական երկրի համար, որովհետև գերմանացիները նրանց դեմ հանել էին ահռելի թվաքանակով զինվորական ուժ և զրահատեխնիկա: Քաջ գիտակցելով իր վրա կախված սարսափելի սպառնալիքը` սովետական ժողովուրդը պատերազմի հենց առաջին օրվանից դրսևորեց իր բարոյական բարձր հատկություններն ու կարողությունները: Ժողովուրդը ցուցաբերեց իր անսահման նվիրվածությունը սոցիալիստական հայրենիքի, տոկունություն և անձնազոհություն, հերոսություն և հավատ հաղթանակի հանդեպ: Հինգ տարի տևած դժնդակ պատերազմն ավարտվեց սովետական երկրների հաղթանակով: Այդ պատմական ժամանակահատվածում իրենց անասելի ներդրումն ունեցան նաև հայերը: Հայաստանից պատերազմին մասնակցել է 300 հազար զինվորական: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ զինված ուժերում կռվել է 500 հազար հայ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայերի թիվը հասնում է 600 հազարի: Հայերը պատերազմ են ուղարկել 6 ազգային դիվիզիա, որոնցից 89-րդը Կովկասից հասել է Բեռլին: Հաղթանակի ճանապարհն իսկապես հեշտ չի եղել, և այդ սխրագործությունը գնահատվել է Խորհրդային Միության կողմից` 11600 մարդու շնորհելով ԽՍՀՄ հերոսի կոչում: Նրանցից 106-ը եղել են հայեր, ընդ որում, երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: Պատերազմի 4 հայեր դարձել են մարշալներ, 160-ը` գեներալներ:
Հայրենական մեծ պատերազմը լի էր կորուստներով. խորհրդային զինվորներից շատերի աճյուններն էլ տեղ գտան միութենական Մեծ հայրենիքի տարբեր ծայրերում: Գյումրիում նույնպես կա եղբայրական գերեզման, որտեղ հան•չում են հայրենականի տարիներին զոհված բանակայինների մարմինները: Այդ տարիներին թիկունքն ապահովում էր ռազմաճակատում գտնվողների սնունդը, հա•ուստը, զենքն ու զինամթերքը: Թիկունքում էին գտնվում նաև բազմաթիվ հիվանդանոցներ ու հոսպիտալներ, որտեղ ապաքինվում էին մարտի դաշտում վիրավորվածները: Նման հոսպիտալ գործել է Լենինականում, որտեղ բուժում ստանալուց հետո խորհրդային զինվորները դարձյալ մեկնել են ռազմաճակատ: Մինչ օրս ամեն տարի Գյումրիում գտնվող պաշտոնյաներն այցելում են խորհրդային զինվորների Եղբայրական գերեզման` հարգանքի տուրք մատուցելու ֆաշիզմի դեմ պայքարում ընկած զինվորներին: Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովն այս առիթով ասել է. ՙԽորհրդային բանակի, այսինքն` միութենական բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի զավակների շնորհիվ ազատվեց ոչ միայն մեր մեծ հայրենիքը, այլև Եվրոպան, որը ծնել էր ֆաշիզմը, և որտեղ մինչ պատերազմը ծափերով էին դիմավորում նացիստներին…՚:
Երկրորդ համաշխարհայինն ու Հայրենական մեծ պատերազմն իրենց հետքն են թողել նաև արվեստագետների հոգում և ստեղծագործական աշխատանքներում: Մարտիրոս Սարյանը բացառություն չէր: Նա Երևանում էր, երբ լսեց պատերազմի բոթը, իսկ կրտսեր որդին ծառայում էր Կարմիր բանակում և պետք է շուտով տուն վերադառնար, բայց փոխարենը հայտնվում է ռազմական գործողությունների ամենաթեժ գծում և ընկնում շրջապատման մեջ: Չնայած դրան` Վարպետը չէր կորցնում ոգու արիությունը: Նրան մնում էր միայն իր ստեղծագործությունների միջոցով ոգևորել մարդկանց ու պատկերել կյանքի գեղեցկությունը: Հավատարիմ մնալով իր ստեղծագործական սկզբունքին, հաղթահարելով մահվան սարսափը` նա կրկին եռանդուն կերպով շարունակում էր նկարել ծաղիկներ, բնություն և իհարկե` մարդկանց: Չէ որ կյանքն արժևորվում է նախ և առաջ մարդկանցով: Պատերազմի դաժան իրականության արձագանքները կարելի է գտնել Մ. Սարյանի գրաֆիկական աշխատանքներում, որտեղ նա պատկերում է Արզնիի ռազմական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներին և բուժքույրերին, Ստալինգրադի ավերակները, Կիևի ծխացող կիսաքանդ շենքերը: Իսկ պատերազմի ավարտին Վարպետը Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորներին է նվիրում իր ամենամեծ նատյուրմորտը` հազարավոր ծաղիկների, հազարավոր ճակատագրերի մի վիթխարի հրավառություն:
70 տարի է անցել, սակայն հաղթանակի հրավառությունները դեռ չեն դադարել, ու սերունդները հպարտորեն մեծ շուքով նշում են իրենց պապերի միասնականության տոնը: Տոն, որը մայիսի 9-ին ապահովեցին 89-րդ հայկական դիվիզիայի մարտիկները և Բեռլինում պարեցին հայկական Քոչարին: Մեր հայրենակիցների կատարած սխրանքներն իրենց ծանրակշիռ տեղն ու դերն են ունեցել հաղթանակի հասնելու գործում` այդ պատերազմում բոլորն էին հերոս:
Վանիկ Էլիզբարյան








