10:33 9 Մայ, 2012
Արցախյան ազատագրական պայքարում բեկումնային էր 1992 թվականի մայիսի 9-ը, երբ կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի` Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը: Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ հայերիս համար, քանի որ հենց այդտեղից ադրբեջանցիները ռմբակոծում էին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը: Իրավիճակից ելքը միայն մեկն էր մնացել` դիմել հարձակման և բացել սահմանը, ազատագրել հինավուրց Շուշին: Կարագյավ գյուղից մինչև Քիրս` մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությամբ էր, հրամանատարը` Վալերի Չիթչյան, երկրորդը` Շուշիի, հրամանատարը` Արկադի Կարապետյան, երրորդը` Սամվել Բաբայանի հրամանատարությամբ, Հարավային ուղղությամբ էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը, հրամանատարը` Սերյան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ամբողջը ղեկավարում էր ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը, սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվում էր: Շուշիի ազատագրման` ՙՀարսանիք լեռներում՚ ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվում է մայիսի 8-ին: Եվ չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ մայիսի 9-ի լուսաբացին Շուշին վերջնականապես ազատագրվում է, ինչը թույլ է տալիս վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ: Մերոնք հաղթանակած մտան Շուշի և Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրում է նաև մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Լաչինը, և արդեն մայիսի 18-ին բացելով ՙՄարդասիրական միջանցքը՚` հասնում են մինչև ՀՀ սահման… պատերազմը մտնում է նոր փուլ… ՙՇուշիի ազատագրումը հայ զինվորի խիզախության ու հմտության արդյունքն է: Բոլորը լավ կատարեցին իրենց առաջադրանքը՚,- նշում է Կոմանդոսը:
Հաղթանակների գնահատումով է բարձրանում ոգին, հաղթանակի դասն է կրթում այսօրվա զինվորին, մեզ` ապրողներիս, ստիպում գոնե մտքում խոնարհվել` հանուն հաղթանակի ու հայրենիքի արժանապատվության կյանքը զոհածների առաջ… Շուշիի ազատագրումը ազերուն ստիպեց ևս մեկ անգամ հասկանալ, ընդունել և գիտակցել, որ մենք հաղթող ժողովուրդ ենք, որ մենք մերը ետ բերող ժողովուրդ ենք…
Վանիկ Էլիզբարյան








