Պետական մտածելակերպը կաղում է. Կարեն Կարապետյան

Պետական մտածելակերպը կաղում է. Կարեն Կարապետյան

13:02 14 Ապր, 2012

Մարդը, մտնելով քաղաքականության մեջ, պետք է ձերբազատված լինի սեփական անձի հավակնություններից, և նրա հավակնությունների դաշտում պետք է գերակայի պետական մտածելակերպը։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ մեր իշխանության երեք թևերում էլ պետական մտածելակերպը, որպես այդպիսին, կաղում է։

-Պարո՛ն Կարապետյան, երբ Դուք հրաժարվեցիք նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, խոսակցություններ էին պտտվում, որ կհեռանաք քաղաքականությունից, դուրս կգաք ՀՀԿ-ից։ Հնարավո՞ր է` մոտ 20 տարի քաղաքականության մեջ լինել ու մի օր հեռանալու որոշում կայացնել, և երկրորդ՝ ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

-Ես զբաղեցնում էի քաղաքական շատ բարձր պաշտոն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարն էի, որից հրաժարվեցի` ընդամենը թողնելով քաղաքական պաշտոնը։ Իսկ քաղաքական պաշտոնը թողնել չի նշանակում հեռանալ քաղաքականությունից… Թե ինչու հրաժարական տվեցի, այդ մասին չեմ ուզում խոսել։ ԱԺ այս ընտրություններին արդեն առաջադրել եմ իմ թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, ինչն ինքնին նշանակում է, որ քաղաքականությունից հեռանալու նպատակ չունեմ։

Ինչ վերաբերում է, առհասարակ, երկար տարիներ քաղաքականության մեջ լինելուն ու մի օր հեռանալու որոշում կայացնելուն, ապա նման գործելակերպը միանգամայն հնարավոր եմ համարում այն քաղաքական գործչի համար, ով սպառել է իրեն և գիտակցում է, որ քաղաքականության մեջ լինելը չպետք է ինքնանպատակ լինի։ Շատ լավ կլիներ, որ Հայաստանում այդպիսի մշակույթ ձևավորվեր։

Գուցե անցումային շրջան ապրող պետություն ենք, և դա է պատճառը, որ քաղաքականությանը մի տեսակ բիզնեսի հոգեբանությամբ ենք վերաբերվում, բայց դա, կարծում եմ, ճիշտ չէ։ Քաղաքականություն պետք է մտնեն մարդիկ, ովքեր ունեն ներուժ, որը կօգտագործեն ի նպաստ երկրի զարգացման։ Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն։ Ես շատ վստահ եմ վերը նշված մտքերն արտահայտում։ Մարդը, մտնելով քաղաքականության մեջ, պետք է ձերբազատված լինի սեփական անձի հավակնություններից, նրա հավակնությունների դաշտում պետք է գերակայի պետական մտածելակերպը։

Այսօր աշխարհաքաղաքական զարգացումները շատ արագ են ընթանում, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և եթե պայմանական ասեմ, ապա աշխարհի նոր քարտեզի վերաձևավորման շրջան ենք ապրում։ Այդ շրջանը սկսվել է 1985թ. գորբաչովյան «պերեստրոյկա»-ից, երբ սկսվեց աշխարհում գոյություն ունեցող բևեռների և ազդեցությունների ոլորտների փոփոխություն։ Նախկինում աշխարհի քարտեզի վերաձևավորումներն իրականացվել են համաշխարհային պատերազմների արդյունքում։ Նշյալ շրջանում դա ունեցավ արտահայտման առավել խաղաղ ձև, և այդ գործընթացը դեռևս շարունակվում է։ Նման պայմաններում մեզ նման փոքր երկրներն առավել խոցելի են դառնում։ Բնականաբար, մենք պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է այդ գիտակցումով աշխատի քաղաքական դաշտում։ Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են օգտվել պետության հնարավորություններից, կարծում եմ, շատ կարճատես են և վտանգում են իրենց ու իրենց երեխաների վաղվա օրը։

-Չե՞ք վիրավորվում, որ այդ տեսակն էլ է համարվում քաղաքական գործիչ, Դուք էլ, և հաճախ ոչ պատշաճ վերագրումներ են արվում։

-Ես փիլիսոփայորեն եմ նայում նման հարցերին, քանի որ ինքս ինձ կեղծելու կամ որևէ իրողություն կոծկելու կարիք չունեմ։ Մի համեմատություն անցկացնեմ. երբ անձրև է գալիս, ջրերը պղտորվում են, հետո աստիճանաբար զուլալվում, իսկ երբ թափվում են լճերը կամ ծովերը, ավելի զուլալ են լինում։ Նման գործընթացներ յուրաքանչյուր երկիր ապրում է, և մենք էլ, բնականաբար, բացառություն չենք։

-Ի՞նչն է պակասում այսօր քաղաքական դաշտում։

-Այսօր պետք է քաղաքական դաշտում մնան և ներգրավվեն պետական մտածելակերպ, հայրենիք, կրկնում եմ՝ հայրենիք ունեցող մարդիկ, ովքեր ոչ թե խոսում են այդ մասին, այլ գործում են այդպես։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ մեր իշխանության երեք թևերում էլ պետական մտածելակերպը, որպես այդպիսին, կաղում է։ Դինամիկ զարգացում ապահովելու համար պետական մտածելակերպ ունեցող մարդկանց տեսակարար կշիռը պետք է մեծանա պետական բոլոր համակարգերում, ինչպես նաև չորրորդ իշխանությունում։ Եթե օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում նման մարդկանց թիվը հասնի գոնե 50+1 տոկոսի, ապա երկիրն ավելի արագ կզարգանա։

-Ինչպիսի՞ն է միտումը։

-Ես կարծում եմ, որ այսօր իշխանության թևերում որոշակիորեն դրսևորվում է քաղաքական կամք՝ ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր չունեն գռփելու հոգեբանություն։ Մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ իրենց արածի համար նախ` պատասխան են տալու, և երկրորդ՝ ամենամեծ պատասխանատվությունը կրելու են իրենց երեխաները։ Եթե ուզում են տնտեսապես ուժեղանալ, ու հայաստանյան շուկան փոքր է իրենց համար, թող իրենց ուժերը փորձեն մեծ շուկաներում և վերարտադրվեն որպես լուրջ տնտեսվարողներ։ Բայց որպես տնտեսվարող գործել քաղաքական դաշտում` տնտեսական հարաբերությունների օրենքներով, կարծում եմ, անթույլատրելի է։ Իշխանության մեջ պետք է լինեն մարդիկ, ում համար երկիրը, իրոք, բացարձակ արժեք է։ Նրանք, ովքեր համաձայն չեն ինձ հետ, կարող ենք բանավիճել։

Եթե մեկ անգամ մեր ժողովուրդը կամք դրսևորի և հրաժարվի ընտրակաշառքից, ապա մեր քաղաքական դաշտը արագորեն կթևակոխի նոր փուլ։

-Ընտրազանգվածի որակական փոփոխություններ նկատո՞ւմ եք, համամի՞տ եք այն տեսակետին, որ այս ընտրություններին ավանդական մեթոդները հաջողություն չեն ունենալու։

-Կարծում եմ` այդ ամենը ցանկությունների դաշտից է, իրականության հետ այդքան էլ կապ չունի կամ ես ընտրազանգվածը լավ չեմ ուսումնասիրել։ Բայց խաբելու տոկոսը մեծ կլինի, ավանդական մեթոդների կշիռը մի փոքր կնվազի, իսկ ֆինանսական միջոցներն իրենց ազդեցությունը անպայման կգործեն։ Սակայն եթե մեկ անգամ մեր ժողովուրդը կամք դրսևորի և հրաժարվի ընտրակաշառքից, ապա մեր քաղաքական դաշտը արագորեն կթևակոխի նոր փուլ։ Իշխանավորը կհասկանա, որ միայն իր աշխատանքով կարող է վաստակել ժողովրդի վստահությունը և, հետևաբար, քվեն։

-Ի՞նչ պետք է անել, որ վերականգնվի ժողովրդի հույսը, հավատը պետության հանդեպ։

-Թող իշխանությունը քիչ խոստումներ տա, բայց այդ քիչն իրականացնի, այդ դեպքում ժողովուրդը կհավատա։ Քիչ խոսքեր, շատ գործեր. կարծում եմ` միակ բանաձևն է, այլապես ժողովուրդը հիասթափվում է և երես թեքում իշխանությունից։

Պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն. երկիրը կապել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ թելերով և ճկուն քաղաքականություն վարել բոլոր երկրների հետ՝ հիմքում ունենալով պետական շահերը։

-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի քաղաքական որոշումներում մեծ դեր ունի Ռուսաստանը։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը։

-Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, որոշակի ազդեցություն ունի։ Որպեսզի իմանանք՝ որևէ պետություն մեր երկրում ինչպիսի ազդեցություն ունի, պետք է հասկանանք` ազդեցության ինչ գործիքներ են առկա։ Նախ՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը մոտ 70 տոկոս է։ Մենք նաև չպետք է մոռանանք, որ մոտ 2 մլն հայեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, որոնց կողմից Հայաստան ուղղվող բավականին մեծ փաթեթ կազմող տրանսֆերտները մեծ աջակցություն են հայաստանյան բնակչության համար։ Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը հասնում է մոտ 1մլրդ 600մլն դրամի, իսկ ոչ պաշտոնական թիվն ավելի մեծ է։ Սա, կարծում եմ, լուրջ ազդեցություն է։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, ինչն անհերքելի է։ Իսկ քաղաքական հարաբերությունների հիմքում ընկած են քաղաքական շահերը, ու եթե դրանք խաչվեցին, ապա հնարավոր է գործի դրվեն նաև ազդեցության գործիքները։ Այդ ամենը գիտակցելով` մենք պետք է միշտ հիշենք, որ մենք անկախ երկիր ենք, և կանխենք այլ երկրի ցանկացած միջամտություն մեր ներքին ու արտաքին քաղաքական կյանք՝ հարաբերությունների հիմքում ունենալով բացառապես գործընկերությունը։ Մենք ինքներս պետք է կերտենք մեր երկրի ապագան։ Ես կարծում եմ, որ պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն։ Չի կարելի վեկտորն ուղղել միայն Ռուսաստանի կամ այլ գերտերության ուղղությամբ։ Մենք պետք է գործենք բացառապես մեր պետության շահերից ելնելով։ Երկիրը մեկ թելից կախել չի կարելի, քանի որ այդ թելը կտրվելուց հետո կարող ենք հայտնվել շատ վատ վիճակում։ Երկիրը պետք է աշխարհի հետ կապված լինի բազմաթիվ թելերով. հարկավոր է ճկուն քաղաքականություն վարել բոլոր երկրների հետ՝ հիմքում ունենալով պետական շահերը։

Հաճախ հողի աշխատավորը միայնակ է մնում տարերային աղետների, գնաճի և հատկապես մթերքի իրացման իր խնդիրների հետ։ Հարկավոր են ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգային քայլեր։

-Դուք բավականին մեծ աշխատանք եք կատարել թե՛ Ձեր հայրենի Լոռու մարզում, թե՛ ողջ հանրապետությունում։ Գաղտնիք չէ, որ Դուք ընդունված եք ոչ միայն Ձեր ընտրատարածքում, Լոռու մարզում, այլև, ինչպես մեր դիտարկումներն են ցույց տալիս, ողջ հանրապետությունում։ Ուստի հասկանալի, է, որ այս ընտրություններին նույնպես հազիվ թե խնդիրներ ունենաք։ Եթե խոսելու լինենք Ձեր ընտրատարածքի հիմնահարցերից, ապա ի՞նչ խնդիրներ են լուծվել մինչև այսօր, և ի՞նչ խնդիրներ կան, որ չլուծված են մնացել։

-Նախ ասեմ, որ Տաշիրն իմ փոքր հայրենիքն է, ավելի ընդգրկուն` Լոռին, իսկ մեծ հայրենիքս Հայաստանն է։ Իհարկե, շատ եմ սիրում փոքր հայրենիքս, որտեղ ծնվել եմ, մեծացել, կրթություն ստացել, դաստիարակվել, կայացել որպես անձ` իմ արժեհամակարգով։ Տաշիրի ժողովուրդը 1828թ. գաղթել է Մուշից և Ալաշկերտից։ Այնտեղ հիմնականում զբաղվել են դաշտավարութամբ, անասնապահությամբ։ Այսօր էլ լոռեցիները հիմնականում իրենց հացը վաստակում են դաշտավարությամբ և անասնապահությամբ զբաղվելով։

Լոռու մարզում առկա են այն խնդիրները, որոնք, կարելի է ասել, ընդհանուր են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, համայնքների համար մի տարբերությամբ, որ լոռեցիների կողքին են այնտեղ ծնված, մեծացած հարյուրավոր ակտիվ տղաներ, ովքեր, աշխատելով դրսում, մշտապես աջակցում են իրենց փոքր հայրենիքին։ Ես բոլորին անձամբ ճանաչում եմ, և հպարտ եմ, որ մեր տարածքում այդքան լավ հայորդիներ կան։ Սակայն դա բավարար չէ։ Լոռիում հողերի 30-35 տոկոսը չի մշակվում, ինչը ցավով եմ նշում։ Մարդիկ պետք է իրենց աշխատանքին համապատասխան եկամուտ ստանան, որպեսզի մշակեն իրենց հողերը։

Գյուղատնտեսությունը ցանկացած զարգացած երկրում տնտեսության կարևորագույն ճյուղ է, իսկ մեզ մոտ այն առայժմ ընդամենը գյուղացու համար հանապազօրյա հաց վաստակելու միջոց է. այն էլ միշտ չէ, որ հաջողվում է նույնիսկ այդ հարցը լուծել։ Հաճախ հողի աշխատավորը միայնակ է մնում տարերային աղետների, գնաճի և հատկապես մթերքի իրացման իր խնդիրների հետ։ Հարկավոր են ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգային քայլեր, այդ թվում՝ պետականորեն նպաստել իրացման շուկայի և արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, ձևավորել ապահովագրական կայուն ու ճկուն համակարգ։ Այսօր որոշակի քայլեր արվում են գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, սակայն դրանք դեռ հեռու են բավարար լինելուց։

Մինչ օրս, մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնություն է ցուցաբերել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Չեմ կարծում, որ 90 մլն ԱՄՆ դոլար ծախսողը կձգտի ընդամենը պատգամավոր դառնալ

Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը գործում է 1995 թվականից, շարունակում է իրականացնել բարեգործական ծրագրեր, որոնք շատ հաճախ մամուլում կապվում են նախընտրական գործընթացների հետ։ Կապ կա՞ իրականում, և ինչպե՞ս եք վերաբերվում նմանօրինակ տարբեր մեկնաբանություններին։

-Նախ՝ մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում ամեն տարի, տարվա մեջ մի քանի անգամ։ Ի՞նչ է, ամեն տարի մեզ մոտ ընտրություննե՞ր են… Հետո՝ այն ընտրատարածքը, որտեղից երեք անգամ ընտրվել եմ ու հիմա էլ առաջադրվել եմ, ընդգրկում է Տաշիրի ու Ստեփանավանի տարածաշրջանները։ Այդ դեպքում, ինչո՞ւ ենք համապետական ծրագրեր իրականացնում, առավել ևս ընդգրկում Արցախի ու Ջավախքի քաղաքացիներին, որոնք իմ ընտրողները չեն… Մի խոսքով՝ նման մեկնաբանությունները փոքր մարդկանց նեղ մտքի արգասիքն են։ Ես գիտեմ՝ ովքեր են պատվիրատուները. մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է բարեգործությունը և երբևէ որևէ մեկին օգնության ձեռք չեն մեկնել, թեև ունեն շատ մեծ ֆինանսական հնարավորություններ։Ընդհակառակը, հնարավորության դեպքում թալանել են։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1995թ., սակայն ես և եղբայրս` Սամվել Կարապետյանը, դեռևս 1990-ականների սկզբներից, աշխատելով արտերկրում, զբաղվում էինք այդ գործունեությամբ։ Պարզապես մեկ թիվ կհրապարակեմ` մինչ օրս, մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Եվ ծիծաղելի են նրանք, ովքեր կարծում են, թե 90 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել ընդամենը պատգամավոր դառնալու կամ ընդհանրապես քաղաքական այլ նպատակներով։

-Որո՞նք են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցության նպատակային ուղղությունները։

-«Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնային ուղղությունները շատ են՝ կրթություն, առողջապահություն, եկեղեցաշինություն, սոցիալական խոցելի խմբեր, անհատական օգնություններ, որոնց թիվը շատ մեծ տոկոս է կազմում։

Վերջերս եղբորս կողմից ֆինանսավորվեց Արցախի բժշկական կենտրոնի կառուցման նախագիծը, որը կազմում է շուրջ 15մլն ԱՄՆ դոլար։

Հիմնադրամի գործունեության ընթացքում կառուցել ենք նաև բազմաթիվ եկեղեցիներ, երկուսը` Տաշիրում, քանի որ մեր փոքր հայրենիքը եկեղեցիներ չուներ։ Էջմիածինում նոր վեհարանի կառուցման աշխատանքներում մեր ընտանիքը նույնպես իր ներդրումն ունի` 10-12մլն ԱՄՆ դոլարի չափով։ Արված աշխատանքները շատ են և մեկ հարցազրույցի շրջանակներում դրանք թվարկելն անհնար է։

Տաշիր» բարեգործական հիմնադրամը մեծապես աջակցում է հատկապես կրթության ոլորտին` ուսանողներին, մանկավարժներին, թեև դա, երևի թե, հիմնադրամի կարևոր ուղղություններից մեկն է։ Ինչո՞ւ հատկապես կրթության ոլորտը։

-Նախ մեր ծագումն է այդպիսին. ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, ես և կինս նույնպես մանկավարժներ ենք, մեր գործունեությունը սկսել ենք դպրոցից։ Ես դասավանդել եմ մաթեմատիկա, գծագրություն, մեքենագիտություն։

Մենք, ի տարբերություն շատ երկրների, որոնք ունեն հանքահումքային ռեսուրսներ, ունենք մեկ կարևոր և առաջնային ռեսուրս` մարդկայինը, որին պետք է կրթենք, դաստիարակենք։ Աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է տարվեն` սկսած նախակրթարաններից։ Երեխաները պետք է լավ կրթություն ստանան և իրենց գիտելիքները ներդնեն հայրենիքում` նպաստելով երկրի տնտեսության և այլ ոլորտների զարգացմանը։ Կրթության համակարգի ներդրումները երկարաժամկետ են` միտված ապագային։ Ճապոնիան ռմբակոծություններից հետո առաջին վարկային ռեսուրսներն ուղղեց դեպի կրթություն, և դրա արդյունքները շոշափելիորեն իրենց զգացնել տվեցին տարիներ հետո։ Այսօրվա Ճապոնիայի զարգացածության աստիճանի մասին կարող եք դատել ինքներդ։ Մենք պետք է գիտակցենք այս ամենի կարևորությունը։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել կրթական համակարգին։ Մենք օգնում ենք ուսանողներին, մանկավարժներին, վաղը գուցե դպրոցականներին կաջակցենք` դասասենյակների կահավորում, համակարգչայնացում և այլն։ Եվ այս ոլորտում ևս մեր գործունեությունը շարունակական է լինելու. այսպիսով՝ մի կողմից մեր նպաստը բերելով մարդկային ռեսուրսի ակտիվացման կարևորագույն խնդրին, մյուս կողմից աջակցելով մեր պետությանն այնտեղ, ուր հնարավորությունները լիարժեք բավարար չեն։

Տաշիր» բարեգործական հիմնադրամի վերջին նախաձեռնությունն ուղղված էր Հայաստանում սովորող ջավախքահայ և Արցախի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Ինչո՞ւ ընտրվեցին հենց նրանք։

-Ե՛վ Ջավախքը, և՛ Արցախը մեր երկու կարևոր հատվածներն են, որոնց մասին երբևէ չպետք է մոռանալ և որոնք ամենաշատը մեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն։ Եթե մենք ուզում ենք ամուր դիրքեր ունենալ և արտաքին աշխարհի հետ լուրջ կապեր, ապա պետք է ունենանք ուժեղ Ջավախք։ Արցախի մասին էլ չեմ խոսում, քանի որ շատ է խոսվել։ Որքան Ջավախքը ամուր լինի, այնքան Վրաստանի հետ մեր հարաբերությունները սերտ կլինեն՝ փոխգործընկերային համագործակցության դաշտում։

-Վերջերս աջակցություն ցուցաբերվեց նաև արյան հիվանդություններով տառապող երեխաներին։ Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում, երբ օգնում եք նման երեխաների։

-Չեմ ուզում ֆետիշացնել։ Սրտի կսկիծով եմ վերաբերվում նման երեխաներին և կարծում եմ` այս տարիների ընթացքում ամենակարևոր աջակցություններից մեկը, թերևս, այդ երեխաներին ուղղված մեր նախաձեռնությունն էր։

Ցավոք, մեր հասարակության մեջ խոցելի շերտեր շատ կան, որոնց պետք է ուսումնասիրենք և հնարավորության սահմաններում աջակցենք։

-Մանկատան երեխաները այդ շերտերից են, ում նույնպես աջակցություն ցուցաբերեցիք։

-Այո՛, մենք որոշեցինք աջակցել մանկատան այն երեխաներին, ովքեր ավարտում էին իրենց կրթությունը և պատրաստվում ոտք դնել ինքնուրույն կյանքի շեմ։ Նրանց նվիրեցինք բանկային քարտեր, որոնցից յուրաքանչյուրի հաշվին կար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մինչև կյանքի նոր պայմաններին հարմարվելը նրանց այդ գումարները շատ օգտակար կլինեն։

Մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ փողը նրան մղի բարի գործեր կատարելու, այլ ոչ թե դառնա պաշտամունքի առարկա։

-Պարո՛ն Կարապետյան, կյանքի ընթացքում շատերի համար փողը դառնում է պաշտամունքի առարկա։ Հետաքրքիր է՝ ինչ է փողը Ձեզ համար։

-Փողը մոգական ազդեցություն ունի, որին մարդը պետք է պատրաստ լինի դիմակայելու։ Շատերն այն դարձնում են անձնային որակ, արժեք, որով ներկայանում են հասարակությանը և առանց որի՝ իրենք ոչինչ են։ Սակայն փողը պետք է ընդամենը միջոց լինի հասնելու նպատակներիդ, այլ ոչ ինքնին նպատակ։ Համենայն դեպս, ինձ համար փողը միշտ եղել է միջոց՝ պահելու ընտանիքս, օգնելու հարազատներիս, այնուհետև մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ փողը նրան մղի բարի գործեր կատարելու, այլ ոչ թե դառնա պաշտամունքի առարկա։ Նկատած կլինեք, որ կան մարդիկ, որոնք շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, բայց իրենց ամենամոտ հարազատին անգամ օգնության ձեռք չեն մեկնում։ Այդ տեսակն ինձ համար անհասկանալի և անընդունելի է։

-Պարո՛ն Կարապետյան, Դուք շատ զուսպ և գործնական կերպար ունեք, ում շատ դժվար է պատկերացնել` ինչպիսին է ընտանիքում, երեխաների հետ շփումներում։ Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Անընդհատ լինելով աշխատանքի մեջ՝ սկզբում ՌԴ-ում, ապա պատգամավորական գործունեության ընթացքում, որպես «Ժողովրդական պատգամավոր» խմբի, ապա և ՀՀԿ խմբակցության ղեկավար, հետո էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, բնականաբար, հնարավոր չէ ժամանակդ լիարժեք տնօրինել։ Ավելին, երբ քաղաքական դաշտում ես, տարված գաղափարական պայքարով, կնճռոտ հարցերի լուծմամբ, ընտանիքդ, կարծես, հեռու է մնում քեզանից, դու էլ իրենցից, քանի որ չես ուզում բացասական լիցքերն ինչ-որ կերպ փոխանցել սիրելիներիդ։ Ցավով եմ ասում այս ամենը, քանի որ շատ բան եմ կորցրել տարիների ընթացքում՝ քիչ եմ մասնակցել երեխաներիս դաստիարակությանը, թեև հրաշալի երեխաներ ունեմ։ Եթե ևս մեկ հնարավորություն ունենայի ընտրելու ապրելակերպս, ապա անպայման շատ ժամանակ կհատկացնեի ընտանիքիս, երեխաներիս։ Կուզենայի ավելի մեծ ազդեցություն ունենալ երեխաներիս աշխարհայացքի ձևավորման վրա։ Իհարկե, ինչպես նկատում եմ, որոշակիորեն ունեցել եմ, սակայն կցանկանայի, որ դա ավելի շոշափելի լիներ։ Այդ բացթողումը, կարծես, լրացնում եմ թոռներիս հետ ժամանակ անցկացնելով, որոնց յուրահատուկ սիրով ու ջերմությամբ եմ վերաբերվում։ Նրանց հետ շփումն ինձ երջանկության պահեր է պարգևում։

Մեր ֆենոմենը հայ ընտանիքն է՝ հայ կնոջ անմնացորդ նվիրվածությամբ։

-Պարո՛ն Կարապետյան, Դուք ավանդապաշտ անձնավորություն եք, հետաքրքիր է` այսօր մեր իրականության մեջ արժեքային համակարգի փոփոխություններ չե՞ք նկատում։

-Այո՛, ես ավանդապաշտ ընտանիքում եմ մեծացել, ինքս էլ այդպիսին եմ։ Մենք չորս երեխա ենք` երկու եղբայր, երկու քույր։ Մեր հարաբերությունները շատ ջերմ են, մտերիմ, մեր սերն ու ջերմությունը փոխանցել ենք նաև մեր երեխաներին, որոնք նույնպես մտերիմ են միմյանց հետ։

Ես միշտ մտածել եմ, թե որն է այն ֆենոմենը, որի շնորհիվ՝ դարերի ընթացքում այդքան ծանր ու բարդ ճանապարհներով անցնելիս մենք ձեռք բերեցինք անկախ պետականություն, իսկ շատ խոշոր տերություններ, որոնք թելադրող էին աշխարհում,դուրս մնացին պատմական թատերաբեմից։ Իմ պատկերացմամբ՝ մեր ֆենոմենը հայ ընտանիքն է` հայ կնոջ անմնացորդ նվիրվածությամբ։ Այսօր ցավալիորեն նկատում եմ, որ այլ արժեքներ են ներխուժել մեր ընտանիք և խաթարել մեր ընտանիքների երբեմնի ներդաշնակությունը։ Փոխվել են կնոջ և տղամարդու դերերը։ Տղամարդը, որ ընտանիքի կերակրողն էր, առկա պայմանների պատճառով այսօր չի կարողանում կատարել իր գործառույթը, ինչն էլ թուլացրել է նրա դիրքերն ընտանիքում։

Դրա հետևանքով փոխվել են կամ տուժել կին-տղամարդ, ծնող-երեխա փոխհարաբերությունները։ Ինձ նաև դուր չի գալիս մեր երիտասարդության ծայրահեղ ազատության տենչը, որը բնականոն զարգացման արդյունք չէ, այլ դրսից թափանցող արատավոր երևույթների ազդեցություն։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ընդհանրապես, մենք խնդիր ունենք մի կողմից աշխարհից չկտրվելու, համաշխարհային արժեքների արդյունավետ ներդրման տեսակետից, մյուս կողմից՝ մեր ավանդույթները, արժեհամակարգը պահպանելու, այսինքն՝ գրագետ համադրման առումով։ Եվ այստեղ լուրջ անելիքներ ունի պետությունը, որը ԶԼՄ-ների, հատկապես հեռուստաեթերի հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործի՝ նոր սերնդի, նոր մարդու ձևավորման և նրանց մեր արժեհամակարգերով սնելու համար։ Այնինչ այսօր հաճախ հակառակ գործընթացի ականատեսն ենք լինում. գերակշռում են գեղարվեստական արժեք չունեցող, երբեմն նույնիսկ հակադաստիարակչական նախագծերը։ Ես դեմ չեմ, որ մարդիկ փող աշխատեն, հակառակը` ուրախ եմ, բայց լրատվամիջոցների, նաև մշակութային բիզնեսն ու վերը նշված քարոզչությունը պետք է արդյունավետորեն համադրվեն։

-Ինչպիսի՞ն եք ընկերական հարաբերություններում, սիրո՞ւմ եք շատ մարդկանցով շրջապատված լինել, թե՞ գերադասում եք միայնությունը։

-Ես միշտ շրջապատված եմ եղել ընկերներով, դեռ ուսանողական տարիներից սիրել եմ ընկերներիս հետ շատ ժամանակ անցկացնել, նրանց հետ կիսել ունեցածս, հաղթահարել դժվարությունները։ Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ ընկերական հարաբերություններն ավելի ազնիվ ու մաքուր էին։ Այսօր էլ սիրում եմ հավաքույթներ կազմակերպել, ուրախ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հատկապես շատ եմ սիրում կատակասեր ընկերներիս։ Մենակությունն ինձ չի գրավում, թեև լինում են պահեր, երբ ուզում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ, խորհել։ Հետաքրքիր է՝ որքան էլ մարդ-մարդ հարաբերությունները ազնիվ ու մաքուր լինեն, միշտ կա մի կետ, որտեղ երկու ես-երը հանդիպում են, ու հասկանում ես, որ այնուամենայնիվ, մարդկային փոխհարաբերություններում շահախնդրություն կա, ինչը, որպես մարդ, վիրավորում է, խոցում հոգիդ։ Այն, ինչ ասացի, հոգեբանական շատ նուրբ ապրում է, զգացողություն, որի մասին իմ միայնության պահերին շատ եմ մտածում։

Ձգտում եմ, որ երեխաներս, թոռներս արժանապատիվ մարդիկ մեծանան,այնպես ապրեն, որ իրենց անունն իրենց երեխաներին պատիվ ու հարգանք բերի։ Այդպիսին են եղել մեր ծնողները, և մենք իրավունք չունենք նույնը չժառանգել մեր սերունդներին։

-Ինչի՞ց եք կյանքում խուսափում և ինչի՞ն եք մշտապես ձգտում։

-Ցանկացած մարդ միշտ ձգտում է, որ իր հոգում ներդաշնակություն տիրի, չանի մի բան, որը կհակասի իր ներաշխարհին, արժեքներին, քանի որ շատ հաճախ մարդը ստիպված է գործել անհրաժշտությունից ելնելով։ Նման դեպքերում, միևնույնն է, քեզ վատ ես զգում, հոգիդ երկփեղկվում է։ Կուզենայի միշտ հավասարակշռված լիներ հոգիս, այսինքն` չանեի այն, ինչը ճիշտ չեմ համարում։

Ձգտում եմ, որ երեխաներս, թոռներս, հարազատներս լավ լինեն, արժանապատիվ մարդիկ մեծանան, աշխատեն օգտակար լինել մարդկանց և այնպես ապրեն, որ իրենց անունն իրենց երեխաներին պատիվ ու հարգանք բերի։ Այդպիսին են եղել մեր ծնողները, և երբ երկու եղբայրներով նոր էինք սկսել մեր աշխատանքները, ճանաչելով մեր ծնողներին, մեզ ոչ ոք չի փորձել խոչընդոտել, ընդհակառակը, աջակցել են։ Մենք իրավունք չունենք նույնը չժառանգել մեր երեխաներին։

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

-Եթե ընտրությունների հետ կապված, ապա ասեմ, որ երբևէ կարգախոս չեմ ունեցել, միշտ ասել եմ` իմ ուժերի սահմաններում կաշխատեմ։ Այսօր էլ նույնն եմ ասելու։

Իսկ կյանքում ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան այն պատվիրանով, որում ասվում է. «Մի՛ արա երբեք ուրիշին այն, ինչ որ չես ուզում քեզ ուրիշն անի»։

-Եվ վերջում կուզենայի խոսենք այն բարձրագույն զգացմունքի մասին, որը հոգևոր լույսի պես ճառագում է մարդու ներսից` սերը հայրենիքի, կնոջ, երեխայի նկատմամբ։ Ձեր կյանքում այդ զգացմունքը ինչպիսի՞ փուլեր է անցել և ո՞ւր է հասել։

-Սերն ինձ համար հարաբերական հասկացություն է։ Երբ հիշողությամբ տեղափոխվում եմ ավելի երիտասարդ տարիներ, իհարկե, հիմա էլ եմ երիտասարդ, ապա հիշում եմ, որ այն ժամանակ սերս ավելի ծայրահեղ դրսևորումներ էր ունենում։ Բայց տարիների ընթացքում, հասունացմանը զուգահեռ, հասունանում ու նոր իմաստներով է հարստանում նաև այդ զգացմունքը և վերափոխվում կայուն արժեքների վրա հիմնված փոխհարաբերությունների։ Սերն արտահայտվում է կնոջ, հետո երեխաների, ավելի ուշ՝ թոռների նկատմամբ։ Իսկ եթե մարդը չի սիրում իր ընտանիքը, ապա չի սիրի ոչ իր փոքր հայրենիքը, ոչ` մեծը։

Ինձ թվում է՝ լույսը, որ ճառագում է ամեն մարդու ներսից, ի վերուստ է գալիս և ուղեկցում մարդուն ողջ կյանքի ընթացքում` տանելով դեպի հավերժություն։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիր