Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջեւ.Փաշինյան

Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջեւ.Փաշինյան

14:09 16 Ապր, 2019

Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության 101-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջեւ: Այդ օրվանից մեր հետեւությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը եւ կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության եւ քաղաքացիների հարաբերությունների միջեւ այն առումով, որ ՀՀ Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն եւ առաջացնեն:

Ոստիկանությունը իրավապահ, ուժային մարմին է եւ աշխարհի յուրաքանչյուր երկրում երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարեւոր է ընդգծել, որ Ոստիկանության գործողությունները չպետք է արտահայտեն ատելություն: Մեր վերջին ամիսների ձեռքբերումը դա կարելի է համարել, որ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել քաղաքացիների եւ Ոստիկանության հարաբերությունից»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից է, եւ պետք է արձանագրել, որ Ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումը առաջին հերթին վկայում է պետության բարձր մակարդակի մասին:

«Ես հույս ունեմ, որ այս հանգրվանում՝ նոր Հայաստանում, Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսեւորվի, եւ դա չի լինի որեւէ քաղաքական ուժի, որեւէ անձի ծառայելը»,-ասաց վարչապետը:

loading...