Զարթոնքի միջադեպով կա երկու ձերբակալված, որից մեկը գյուղապետի թոռն է . ՔԿ-ն մանրամասնում է

Զարթոնքի միջադեպով կա երկու ձերբակալված, որից մեկը գյուղապետի թոռն է . ՔԿ-ն մանրամասնում է

15:35 13 Ապր, 2019

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենքի գործադրմամբ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում:

«Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է:

Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը  հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջադեպի ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել, նրան ոստիկանները վնասազերծել են: «Միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:

loading...