Արմավիրի մարզպետը հայտարարություն է տարածել Զարթոնքի միջադեպի վերաբերյալ

Արմավիրի մարզպետը հայտարարություն է տարածել Զարթոնքի միջադեպի վերաբերյալ

14:58 13 Ապր, 2019

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարություն է տարածել՝ Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը եւ դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել:

Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:

Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները եւ ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը  հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջադեպի ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել, նրան ոստիկանները վնասազերծել են: «Միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:

loading...