ՀԲ-ի հետ համագործակցելու ենք արտահանման աճի, իսկ ԱՄՀ-ի հետ՝ ներդրումների աճի շուրջ. Մհեր Գրիգորյան

ՀԲ-ի հետ համագործակցելու ենք արտահանման աճի, իսկ ԱՄՀ-ի հետ՝ ներդրումների աճի շուրջ. Մհեր Գրիգորյան

14:20 13 Ապր, 2019

Հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Այս մասին «Ամերիկայի ձայնի»  հետ զրույցում նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին:

Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի եւ թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ. «Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր եւ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի մասնակցության ձեւը, չափը եւ ժամանակահատվածն ըստ էության դրանց շուրջ են լինելու»:

Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման եւ արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության եւ ներդրումների աճի շուրջ:

Իր հերթին, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցրել է բարեփոխումների շարունակական բնույթն ապահովելու անհրաժեշտությունը. «Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»:

loading...