ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն ազատվեց զինծառայությունից

ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն ազատվեց զինծառայությունից

12:27 4 Ապր, 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում 27-ամյա քաղաքացի Ֆերդինանդ Կարապետյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Նշենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը ՀՀ ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ է,  2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն: Նրան կառավարության 2015-ի նոյեմբերի 12-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018-ի ձմեռային զորակոչը։ Ֆերդինանդ Կարապետյանը նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել նրան:

Որոշման համար հիմք է ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» որոշումը:

loading...