Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 89 տարեկան

Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 89 տարեկան

16:48 1 Ապր, 2019

1930 թ-ի ապրիլի 1-ին լույս աշխարհ եկավ մի դերասան, ով պիտի դառնար հայկական կինոյի ամենահիշվող ու նշանավոր դեմքերից մեկը: Խորեն Աբրահամյան՝ դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Մեծանուն դերասանը մի քանի տասնյակ ֆիլմերում է նկարահանվել. նրա մասնակցոըւթյամբ «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը հատկապես մեծ ճանաչում են վայելում տարբեր տարիքի կինոսերների շրջանում:

Աբրահամյանը նկարահանվել է նաեւ «Արարատյան դաշտի աղջիկը», «Փեսատես», «Հասցեատիրոջ որոնումները», «Լուսաբացից առաջ», «Փլուզում», «Փառքի օղակներ», «Դժվար անցում» եւ մի շարք այլ ժապավեններում:

Մասնագիտական կրթությունը Խորեն Աբրահամյանը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ դերասանը կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն: Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թ-ի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Ինչպես ասում են՝ կան մարդիկ, որոնք միայն ֆիզիկապես են լքում այս աշխարհը, սակայն ապրում այնքան ժամանակ, որքան իրենց հիշում են: Իսկ Խորեն Աբրահամյանին հասաստ դեռ երկար կհիշենք իր կերտած դերերով: Ի դեպ, նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից մի քանիսն առաջարկում ենք դիտել հենց այսօր երեկոյան:

loading...