«Տեղում կորոշենք». Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին ընդունել է Նիկոլ Փաշինյանը

«Տեղում կորոշենք». Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին ընդունել է Նիկոլ Փաշինյանը

11:31 1 Ապր, 2019

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման դեմ բողոքող աշխատակիցներին այսօր՝ ապրիլի 1-ին,  իր մոտ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հետ զրույցում օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը ասաց, որ իրենց պայքարը համակարգի դեմ է, ոչ թե որեւէ անձի. «Հարցն այն է, որ մենք չենք պայքարում անձի դեմ, թե ով է լինելու Օպերայի թատրոնի տնօրենը, այլ պայքարում են այն համակարգի դեմ, որով տնօրենի ձեռքում են բոլոր կառավարման լծակները: Թատրոնում դա խանգարում է ստեղծագործական կյանքին»:

Նրա խոսքով՝ եթե տնօրենը չի հասկանում ստեղծագործական կյանքից, դա լուրջ խնդիրներ է առաջացնում. «Գործող օրենքով ստացվում է, որ տնօրենը վարչական պաշտոն է, գալիս է տնօրեն եւ ինքը որեւէ կերպով չի հասկանում, չի խորանում ստեղծագործական կյանքի մեջ, իսկ դա խոչընդոտում է աշխատանքին։ Մենք արդեն 6 ամիս է՝ խոսում ենք մեր պրեմիերաների մասին, այդ ամենը եղել է Օրբելյանի շնորհիվ»:

Աշխատակիցները չեն ժխտում, որ թատրոնում կան խնդիրներ.  «Իսկ ո՞ր թատրոնում խնդիրներ չկան, այո, ունենք խնդիրներ, բայց դրանք մեր ներքին խնդիրներն են»:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր հերթին նշեց, որ կքննարկվի աշխատակիցների պահանջը եւ տեղում որոշում կկայացվի. «Կլսվեն պահանջները, տեղում համապատասխան որոշումներ կկայացվեն»:

Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին:

Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալը:

Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:

Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը: Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները:

loading...