Մարտի 23-ը օդերևութաբանության Համաշխարհային օրն է

Մարտի 23-ը  օդերևութաբանության Համաշխարհային օրն է

13:20 23 Մրտ, 2019

Մարտի 23-ին ողջ աշխարհում նշում են Համաշխարհային օդերևութաբանական օրը: 1950 թվականի մարտի 23-ին Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ) Կոնվենցիայի ուժի մեջ մտնելով՝ հռչակվեց ՀՕԿ-ի կազմավորումը, որը ստեղծվեց որպես Միջազգային Օդերևութաբանական Կազմակերպության (ՄՕԿ) իրավահաջորդ: ՀՕԿ-ի Կոնվենցիային Հայաստանն անդամակցում է 1992 թ.: ՀՕԿ-ը 1961 թ. դարձավ ՄԱԿ համակարգի միջպետական մասնագիտացված կազմակերպություն, և որոշվեց մարտի 23-ը նշել որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: Այսօր ՀՕԿ-ին անդամակցում է 185 երկիր:

ՀՕԿ-ի առավել նշանակալից ձեռքբերումներից է Եղանակի համաշխարհային ծառայության և կլիմայի ուսումնասիրության համաշխարհային ծրագրի ստեղծումը: ՀՕԿ–ի և ազգային օդերևութաբանական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղություններից է՝ իրենց երկրներին և ազգաբնակչությանը մատուցվող օդերևութաբանական, հիդրոլոգիական և կլիմատոլոգիական ծառայություններին օժանդակելը և աջակցելը: Իսկ Համաշխարհային օդերևութաբանական օրն անց է կացվում՝ հասարակության լայն շերտերին ՀՕԿ-ի, նրա գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների և ազգային օդերևութաբանական ու հիդրոլոգիական ծառայությունների գործունեության մասին տեղեկացնելու համար: Իր հերթին վերոնշյալ գործունեության նպատակն է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին նախազգուշացումների և կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների մասին ահազանգումը, քանի որ այսօր կլիմայի արագ փոփոխումը մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է:

loading...