Բանկի գլխամասի պետտուրքը լինելու է 7 մլն դրամ, փոխանակման կետերը կփակվեն (տեսանյութ)

Բանկի գլխամասի պետտուրքը լինելու է 7 մլն դրամ, փոխանակման կետերը կփակվեն (տեսանյութ)

13:18 20 Մրտ, 2019

ԱԺ-ում գրավատներին և տարադրամի փոխանակման կետերին վերաբերող աշխատանքային քննարկմանը ներկա տնտեսվարողները նշեցին, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները: Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց, որ նման դեպքում փոխանակման կետերը չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ: Ըստ Արամայիս Խաչատրյանի՝ բանկի մասնաճյուղի պետտուրքը 350.000 դրամ է սահմանվել, նախկինում չէր վճարում, գլխամասը 3 մլն էր տալիս, իսկ փոխանակման կետը 50.000 էր:

«Հիմա բանկի գլխամասի համար սահմանվել է 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղի համար՝ 350.000 դրամ: Համեմատենք. մասնաճյուղը 15 և ավելի գործառույթ է իրակացնում ու բոլոր գործառույթներից եկամուտներ է ստանում, իսկ փոխանակման կետն ընդամենը բանկայինի մեկ գործառույթն է իրականացնում, հավասար մրցակցություն չի լինի»,- ասաց նա:

Արամայիս Խաչատրյանը նշեց, որ ամեն ինչ առանց իրենց հետ քննարկման է եղել և ենթադրում է, որ նման եզահանգման են եկել բանկերի հետ քննարկելով, բայց չեն հիմնավորում՝ ի՞նչ վերլուծության արդյունք է այդ եզրահանգումը: Խաչատրյանը նշեց, որ միջին հաշվով փոխանակման կետերը Երևանում 10 մլն դրամի գումար են շրջանառում, իսկ մարզերում 3 մլն դրամ են շրջանառվող միջոցները:

«Եթե այդ տեսանկյունից նայենք, եկամուտները հասնում են 500.000 դրամի, աշխատավարձն ու ծախսերը փակելով՝ հաստատ չեն կարող ևս 250.000 վճարել պետտուրք: 231 փոխանակման կետեր են գործում, մոտ 80 տոկոսը փակման եզրին կկանգնեն»,- ասաց նա: Բացի այդ՝ նա նշեց, որ վերջին տասը տարիներին փոխանակման կետերի եկամուտները շուրջ 2.2 անգամ նվազել են, ինչը կարող են փաստել ԿԲ-ն և Հարկայինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

loading...