Առկա է մեծ ներուժ հայ-իրաքյան առեւտրի ծավալներն ավելացնելու համար. Իրաքի առեւտրի նախարար

Առկա է մեծ ներուժ հայ-իրաքյան առեւտրի ծավալներն ավելացնելու համար. Իրաքի առեւտրի նախարար

17:32 14 Մրտ, 2019

Մարտի 13-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առեւտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առեւտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առեւտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարներին՝ մատնանշելով, որ այդ նպատակն իրագործելու համար խիստ կարեւոր է գործարարների համաժողովներին եւ փոխադարձաբար տնտեսական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսներին մասնակցությունը։ Նախարար Աբդուլ Մաջիդը, մասնավորապես ընդգծեց հայկական ընկերությունների՝ հոկտեմբերին կայանալիք Բաղդադի միջազգային տնտեսական ցուցահանդեսին մասնակցելու կարեւորությունը։ Արձանագրվեց, որ առկա է մեծ ներուժ առեւտրի ծավալներն ավելացնելու համար՝ հատկապես ապագայում Հայաստանից դեպի Իրաք ուղղությամբ ցամաքային ճանապարհի բացման պարագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին պատշաճ կերպով նախապատրաստվել նաեւ տարեվերջին տեղի ունենալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին՝ վերանայելով նաեւ համապատասխան իրավապայմանագրային երկկողմ փաստաթղթերը։

loading...